Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակված Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ 22-ամյա Գևորգ Կանդալյանին ուսուցիչները բնութագրում են որպես բարի, լուսավոր անձնավորության, որը դեռ դպրոցական տարիներից երազում էր պատգամավոր դառնալու մասին։
Նա տան միակ տղան էր, ունի մի քույր։ Մի տարի չկա, ինչ վերադարձել էր բանակից, սակայն պատերազմի գույժը լսելուն պես՝ Բասենի մյուս տղամարդկանց հետ շտապել է ռազմի դաշտ։ Ասել է՝ քրոջս պիտի պաշտպանեմ։
Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Գևորգը շատ լուսավոր էր, ֆեյսբուքյան էջը «քրքրեցի», մի նկար չկար, որտեղ զինվորական խիստ հայացքով լիներ։ Միայն ժպտում է, երեկ նստած էի իր մոտ, նայում եմ՝ ժպտում է, նայում եմ նկարին, նկարի մեջ ևս ժպտում է։ Մի վայրկյան չկար, որ իր ժպիտը երեսին չլիներ։ Բարձրահասակ տղա էր, միջոցառումներին դահլիճը միայն Գևորգն էր զարդարում, որովհետև միայն իր բոյն էր հասնում։ Երեկ, երբ դպրոցի դահլիճը պատրաստում էինք մեր նահատակների համար, ասացի՝ Գևորգ ջան, միշտ դու էիր պատրաստում դահլիճը միջոցառումների համար, այսօր մենք ենք քո համար պատրաստում։
Գևորգս շատ երազանքներ ուներ, իմացել էի սիրած աղջիկ ուներ Երևանում, ասել էր՝ այս ամենը վերջանա, այս տարի ամուսնանալու եմ։ Փեսա չդարձավ, հերոս դարձավ Գևորգս, լուսավոր, պարզ, հրեշտակային կերպար էր տղաս․․․»։
Կարդացեք նաև
Դպրոցի տնօրենն ասում է, որ նա երազում էր պատգամավոր դառնալու մասին։
«Գևորգն ուզել էր, որ իր երազանքն արտահայտվի վերջին զանգին, ուզում էր պատգամավոր դառնալ։ Նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում մի նկար կա, երևի թե միակ նկարն է, որտեղ ինքն առանց ժպիտ է, հպարտ կանգնած է, նկարվել է կոստյումով։ Նկարվել էր ուսմասվարի սենյակում, այնպես, որ պատգամավորի տեսք ունենար։
Ասում էր՝ հենց պատգամավոր դառնամ, առաջինը ընկեր Սիմոնյանինս աշխատավարձն եմ բարձրացնելու, իր դասղեկն էր, անչափ շատ էր սիրում դասղեկին, երևի դասղեկի սիրուց սիրում էր նաև դպրոցը։ Հետո ասում էր՝ ընկեր Սիմոնյանի աշխատավարձը հենց բարձրացրեցի, հերթով բոլորինդ եմ բարձրացնելու։ Ասում էր՝ հետո ինչ, որ չեմ սովորում, ընկեր Սոլախյան, պատգամավոր կդառնամ, դուք կտեսնեք։
Հենց արձակուրդ էր գալիս, պարտադիր դպրոց էր գալիս, ծնողները բողոքում էին, թե երեսները չտեսանք, շաքա՞ր է ցանած ձեր դպրոցում, երեխեքը վազում են դպրոց։ Գալիս էր, տեսներ՝ ինչ փոփոխություններ ենք կատարել դպրոցում, ինչ վերանորոգում։ Գալիս, ասում էր՝ բան չկա, մի քիչ էլ ձգեք, ես որ պատգամավոր դարձա դպրոցը, ոչ թե կվերանորոգեմ, այլ կհիմնանորոգեմ։
Գևորգս էլ մեր հուշերում մնաց պարզ, ազնիվ, հրեշտակային մի կերպար, շատ հայրենասեր էր։ Գևորգին երբեք անունով չէի դիմում, չգիտեմ ինչու, երևի թե բարձրահասակ էր, դրա համա՞ր, մտնում էի դասարան, ասում էի՝ Կանդալյան․․․ Գլուխներս վեր էինք պահում, որ Գևորգի չքնաղ, սիրուն հայացքը տեսնեինք, էդ փայլուն աչքերն, այնքան կյանք կար աչքերում, մարմնում, այնքան աշխույժ էր, այնքան շարժուն, այնպես էր պարում վերջին զանգին, այնքան թեթև, այնքան հումորով էր։
Ավարտել էր դպրոցը, գնացել բանակ, մի տարի չկար, ինչ վերադարձրել էր։ Նա չէր էլ սպասում, որ իրեն ռազմաճակատ կանչեին, ասում էր՝ գնալու եմ, քուրիկիս պիտի պաշտպանեմ, քուրիկն իր կյանքն էր, իրենից փոքր էր։
Նա տան միակ տղան էր, մայրն ասում է՝ մատաղացու էի պահել հարսանիքի համար, բայց մատաղն այլ նպատակի ծառայեց Գևորգիս համար․․․», -սգում է տնօրենը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ