Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։
«Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրդարան, որպեսզի անցնի քննարկման և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում արցախյան բնակչությունը և տեղի հայ ժողովուրդը», – ասաց Ավետիսյանը։
Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի մասին։
«Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որ նրանք պատրաստակամ են ինչով կարող են օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք դրամով են ցանկացել օգնել։ Չնայած, որ մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորը ձեր կողքին են և վստահ եմ, որ շատ-շատ մարդիկ պատրաստ են կանգնել հայերի կողքին», – պատմեց Հակոբ Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը հայտնեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ճանաչվի Արցախը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
սփյուռքի բաժին «Հայերն այսօր»