Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրավիճակն է փոխվել, այդ խոսակցության թեման է անիմաստ դարձել, առաջարկի դեպքում նորից կմասնակցեմ նման հանդիպման». Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հոկտեմբեր 20,2020 20:45

«Իրավիճակն է փոխվել, այդ խոսակցության թեման է անիմաստ դարձել»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ երեկ ՀՀ վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպման մասին խոսելը ժամանակավրեպ է, օ՞րն է փոխվել, թե՞ իրավիճակն է փոխվել, այսպես պատասխանեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Հիշեցնենք՝ Սուրեն Սահակյանը գրառում էր կատարել ու նշել. «Շատ է խոսվում վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի երեկվա հանդիպման մասին։ Իհարկե ես էլ, մյուսների նման, խոսակցության բովանդակությունը չեմ կարող բացահայտել։ Ասեմ ավելին, դրա մասին խոսելը ժամանակավրեպ է, իմաստ չունի։ Փոխարենը կարող ենք խոսել ռազմաճակատում ստեղծված իրադրության մասին»:

Խնդրեցինք փակագծեր բացել՝ երեկվա քննարկման թեման ժամանակավրեպ է դարձել այսօրվա ռազմական գործողությունների՞, թե՞ դիվանագիտական դաշտում կատարված զարգացումների պատճառով, նա պատասխանեց. «Եթե ես հիմա պատասխանեմ այդ հարցին, կստացվի՝ ասացի այն, ինչ պետք չէր ասել: Ամեն ինչն էլ ազդում է: Դինամիկ զարգացող գործընթաց է, և ամեն նոր օր նոր ակնկալիքներ, նոր սպասումներ ու նոր հիասթափություններ է բերում իր հետ: Փոքրիկ հիասթափություններ: Այսօր այնպես է ստացվել, որ երեկվա խոսակցությունն անիմաստ է դարձել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիասթափության մասին է խոսքը, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Ես միշտ լավատես եմ պատերազմի առումով: Եթե մեր կառավարությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունն ամուր լինի, Արցախը նվաճելն անհնար է լինելու, և ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարության, այլև թիկունքի ամրությունն է մեզ պետք: Դրա համար ես երբեք, մի վայրկյան էլ չեմ մտածում որևէ այլ ելքի մասին, քան հաղթանակն է: Ուղղակի պետք է ամեն օր խնդիր դնես, այդ օրվա խնդիրը լուծես, և շատ չի անցնելու ու հաղթանակն արձանագրվելու է: Երեկ,  օրինակ, թուրքական արտադրության ԱԹՍ-ների՝ բայրաքթարների խնդիրն էր, այսօր տեսեք, որ այդ խնդիրը լուծվում է»:

Սուրեն Սահակյանին հիշեցրինք՝ նշել էր Ադրբեջանի անհաջողությունների մասին, այս առիթով նա ասաց. «Դա մեր հաջողությունը չէ. Ադրբեջանն ինքն իրեն է գցել այդ ծուղակի մեջ»:

Հարցին՝ իսկ ռազմաճակատում իրավիճակին համահո՞ւնչ է դիվանագիտական ոլորտում կատարվող աշխատանքը, նա պատասխանեց. «Դիվանագիտական աշխատանքը շատ հաճախ ստվերի մեջ է մնում, և հիմա չեմ կարող գնահատական տալ, թե ոնց է դա աշխատում: Բանակցությունների մեծ մասը գաղտնի է, քիչ տեղեկություններ կան դրանց մասին: Դրա համար այս պահին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չի լինի»:

Ըստ Սուրեն Սահակյանի՝ այսօր բոլորի, ողջ աշխարհի ուշադրությունն այստեղ է, Արցախն այն կետերից մեկն է, որը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և այդ առումով չի կարծում՝ այստեղից տարածվող ուղերձներն անուշադրության են մատնվում:

Մեր դիտարկմանը՝ բայց կարծես դեռ առարկայական, գործուն միջամտություններ չկան միջազգային կազմակերպությունների կողմից, Սուրեն Սահակյանն այսպես արձագանքեց. «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ արեց այսօր գիշեր, ինչի դա բավարար չէ՞»:

Մեր հարցին՝ իսկ ե՞լքը, Սուրեն Սահակյանն այսպես պատասխանեց. «Ասում եմ՝ սա խոշոր հաշվով Արցախի համար մղվող պայքար չէ, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության տարածաշրջանում, ազդեցության գոտիների վերաբաշխման, և պետք չէ ակնկալել, որ դա մեկ շաբաթում լուծվելու է»:

Կրկին վերադառնալով ՀՀ վարչապետի հետ երեկ կայացած հանդիպմանը՝ Սուրեն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եթե նորից նման հանդիպման առաջակ լինի, կընդունի՞ հրավերը, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Այո, իհարկե, դա շատ օգտակար և կարևոր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031