Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաս սպանված թուրք զինվորներ է նկարում, թուրքերին սպանելու կոչեր անում, ինչպե՞ս վարվեմ… ». ծնողները չգիտեն՝ ինչպես կառավարել երեխաների հույզերը

Հոկտեմբեր 20,2020 19:30

«Երեխաս նկարներ է նկարում, որտեղ սպանված զինվորներ են, տանկեր», «Փոքրիկ աղջիկս սկսել է թուրք զինվորներին սպանելու մասին խոսել, երևակայությունն այդ ուղղությամբ է ամբողջ օրն աշխատում», «Երկու որդի ունեմ, երկուսն էլ տանը կռիվ-կռիվ են խաղում ու իբր թուրքերի դեմ են կռվում, մեկը թուրքի դեր է խաղում, ընկնում է գետնին, եղբայրը գալիս ուրախացած գոռում է՝ թուրքին սպանել եմ, սպանել եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում մի շարք ծնողներ իրենց մտահոգությունը հայտնեցին, թե պատերազմի այս օրերին իրենց երեխաներն ինչ տրամադրվածություն ունեն, ինչի մասին են մտածում:

«Ֆեմինի» նախագծի շրջանակներում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան Լիլիթ Սայադյանից հետաքրքրվեցինք՝ ծնողների մտահոգությունը տեղի՞ն է, ինչպե՞ս վարվեն երեխաների հույզերի հետ: Նա վստահեցրեց՝ տեղեկատվական այս հոսքերում ծնողները երեխաներին չեն կարող հեռու պահել տեղեկատվությունից: Հոգեբանը հատկապես կարևորեց այն, որ ծնողներն իրենք կարողանան իրենց հուզական վիճակն այնպես կարգավորել, որ այն չփոխանցվի երեխաներին: Այս առիթով հոգեբանը մանրամասնեց. «Երեխաները լավ զգում են ծնողների վախերը, լարվածությունն ու տագնապները: Ծնողին այդ վիճակում տեսնելով՝ երեխան անկախ իրենից դառնում է ավելի լարված ու տագնապային: Մյուս կողմից ծնողը եղած տեղեկատվությունը պետք է ճիշտ մատուցի երեխային: Օրինակ, եթե երեխան կռվի, պատերազմի մասին է հարցեր տալիս, ծնողն անպայման պետք է բացատրի, որ պատերազմում պետք է բոլորը կռվեն, բոլորն էլ գնալու են սահման, բայց այդ ամենով հանդերձ, երեխայի մեջ պետք չէ սերմանել, որ պարտադիր պետք է սպանել, արյուն թափել: Երեխաների մեջ պետք է սերմանել հայրենիքը, հողը պաշտպանելու գաղափարը»:

Հոգեբանին փոխանցեցինք՝ որոշ ծնողներ մտահոգված են, որ իրենց երեխաները սպանված զինվորներ են նկարում, սպանության մասին խոսում և խնդրեցինք նրանց խորհուրդ տալ՝ ինչպե՞ս վարվել երեխաների հետ, նա պատասխանեց. «Եթե երեխաները ցանկանում են խոսել, պարտադիր ծնողները թույլ պիտի տան, որ  նրանք արտահայտվեն, ոչ թե ասեն՝ սուս, չի կարելի խոսել, ձայն չհանես, մի արտահայտվիր: Եթե երեխան խոսում է, ուրեմն դրա կարիքն ունի: Ցանկացալի է թողնել, որ երեխան հանգիստ արտահայտվի, եթե նկարում է, ուրեմն ինքն այդ թեմայի վերաբերյալ շատ է մտածում, շատ է տանջվում»:

Հոգեբանը դրական է համարում այն, որ ծնողները երեխաներին զինվորական համազգեստով նկարում են և այդ տեսաուղերձները տեղադրում սոցցանցերում: Ըստ նրա՝ այդ ուղերձները ուժ են տալիս զինվորներին, ոգևորում:

Հարցին՝ իսկ ի՞նչ անել, երբ երեխաների բառապաշարում սպանության կոչեր են հայտնվում, երբ նա երևակայում է, որ թուրքերին սպանում է և այլն, հոգեբանը պատասխանեց. «Բնականաբար, երեխաներին չենք կարող զերծ պահել նման տեղեկություններից, որ սպանում են, բայց, բնականաբար, երեխաները տեղեկացված են, որ պատերազմի դաշտում իրար սպանում են: Ծնողները նրանց պետք է բացատրեն այդ ամենը, սակայն երեխաներին իրականությունից կտրել պետք չէ»:

Լիլիթ Սայադյանը խորհուրդ է տալիս ծնողներին այս օրերին, երբ երեխաներն ավելի հուզական են դարձել, հաճախ գրկախառնվել նրանց հետ, քանի որ զգալով ծնողի ջերմությունը, երեխան կսկսի իրեն ավելի ապահով զգալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մանկական նկարները՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031