Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանապահ գյուղի աշակերտները արքայանարինջ են վաճառում ու հասույթը փոխանցում Հայաստան համահայկական հիմնադրամին

Հոկտեմբեր 20,2020 18:30

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուրի Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները երեք օրում արքայանարինջ վաճառելով 250 հազար դրամ գումար են հավաքել և փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին:

Սահմանապահ գյուղը, որն արդեն ունի պատերազմում հերոսաբար զոհված աշակերտ, ոչ մի րոպե անգործ չի նստում։

«Շատ ցավալի էր մեր աշակերտներից Տիգրան Սիմոնյանի հերոսական մահվան լուրը, բայց սահմանապահները գիտեն, որ հերոսությունը խոսքերով չէ, այլ գործով է։ Մենք անգործ նստելու իրավունք չունենք»,- Aravot.am -ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը։

Նաիրա Պապյանի խոսքով, հատկապես սահմանին ապրողները շատ լավ գիտեն ինչ է պատերազմը. «Մենք կրակոցների տակ ծնված ու ապրած մարդիկ են ու շատ լավ գիտենք ինչ է պատերազմը։ Առաջին օրերին արկղեր էինք պատրաստում քաղցրավենիքով, մուրաբաներով  ու անհրաժեշտ պարագաներով, իսկ հետո հասկացանք, որ ավելի կարևոր է գումարային աջակցությունն այս պահին, քանի որ այդպես ավելի ճիշտ օգնություն կպատրաստվի սահմանին կանգնած զինվորի համար»։

Տնօրենի խոսքով, իրենք նախ իրենց ստացած սոցփաթեթներն են փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին. «Բոլորս մեր ստացած աշխատավարձը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին, իսկ հաջորդ վայրկյանին նորից սկսեցինք քննարկել նախաձեռնություն իրականացնելու մասին ու քննարկումների արդյունքում հասկացանք, որ գյուղում բոլորը զբաղված են բերքահավաքով ու կարելի է այն վերածել օգտակար աշխատանքի»։

Պապյանի խոսքով դպրոցի աշակերտները սկսել են հավաքել արքայանարինջն ու վաճառել շրջկենտրոնում։ Արդյունքում՝  երեք օրվա մեջ հավաքվել է  250 հազար դրամ գումար։ Նման արդյունքը, հատկապես ոգևորել է աշակերտներին։

Ներքին Կարմիր Աղբյուրի Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի 12 – րդ դասարանի աշակերտ Մերի Սարյանը մեզ հետ զրույցում նշեց՝ սկզբում իրենք չեն էլ մտածել, որ նախաձեռնությունն այսպիսի հաջողություն կունենա. «Սկզբում մենք պարզապես ցանկանում էին մեր աջակցությունն ու ներդրումն ունենալ սահմանին կանգնած զինվորներին, սակայն մարդիկ սկսեցին մեծ ոգևորությամբ ոչ միայն գնել արքայանարինջը, այլ, երբեմն, պարզապես գումար էին տալիս և սիմվոլիկ մի հատ արքայանարինջ վերցնում»։

Աշակերտի խոսքով իրենք նախատեսում են նախաձեռնությունը մեկ օրով Սևանի ճանապարհին գտնվող «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ իրականացնել. «Այնտեղ շարժն ավելի շատ է և հնարավոր կլինի ավելի շատ քանակով միրգ վաճառել ու գումար հավաքել»։

Սահմանապահ գյուղի աշակերտները պնդում են՝ իրենք մարտական են տրամադրված և անգամ գյուղում հնչող կրակոցներն այլևս չեն կանգնեցնում իրենց. «Կրակոցներին էլ բանի տեղ չեք դնում ու ամեն օր մեծ ոգևորությամբ համախմբվում ենք մեր նախաձեռնությունը շարունակելու համար»։

Սահմանապահները, սակայն,  այս նախաձեռնությամբ չեն սահմանափակվել։

Նրանք արդեն ակտիվ աշխատանքներ են տանում իրենց մյուս գաղափարը կյանքի կոչելու համար։

«Մեր հաջորդ նախաձեռնությունը լինելու է զինվորների համար ցանցերից կամուֆլյաժ գործելը։ Այս պահին փորձում են այդ ցանցի կտորները գտնել, որ սկսենք աշխատանքները»,- նշել է Նաիրա Պապյանը։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031