Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, երբ ողջ աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ, հենց այս պահին Էրդողանն ու Ալիեւը փորձում են նորից սկսել էթնիկ զտումներ, մի նոր ցեղասպանություն. «La Casa de Papel»-ի իսպանահայ դերասան

Հոկտեմբեր 20,2020 17:05

«Ես հայ եմ եւ իսպանացի, այն՝ ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես որ միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, դա հստակ փորձ է ներխուժման եւ օկուպացիայի Էրդողանի Թուրքիայի եւ Ալիեւի Ադրբեջանի կողմից՝ հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու»,-իր տեսաուղերձում ասում է «La Casa de Papel» («Թղթե տնակ») հայտնի սերիալի Բոգոտան: Նա հայկական արմատներով իսպանացի դերասան Հովիկ Կեուչկարյանն է:

Հայտնի դերասանը, խոսքն ուղղելով միջազգային հանրությանն՝ ասում է. «Դա ավելին է քան պատերազմ: Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3 միլիոն 150 հազար բնակչություն: Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ունի ընդհանուր հաշվով 92 միլիոն բնակչություն: Բացի այդ, Թուրքիան եւ Ադրբեջանը միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ տեխնիկա, ավելի զինված բանակ, քան հայկականը եւ կարծես թե այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաեւ սիրիացի եւ լիբիացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի նրանք սպանեն թե՛ հայ զինվորականներին թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է քան պատերազմ»:

Հովիկ Կեուչկարյանի խոսքով, Հայաստանը մտադիր չէ զավթելու որեւէ մեկին եւ ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որեւէ մեկի հետ. «Կա 3 միլիոն հայ, որոնք միակ բանը որ ուզում են՝ ապրել խաղաղ եւ բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում: Բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք: Սակայն, նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ եւ ողբալի ողջ պատմության ընթացքում նրանք չեն կարողացել խլել մեզնից մեր ժպիտը, պատրանքները, երազանքները ուժը եւ կամքը: Եվ ոչ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը եւ արյան կանչը: Նրանց դա չի հաջողվում, չի էլ հաջողվի: Չե՛ք կարողանա»:

Հայտնի դերասանը մեջբերելով Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը՝ «Ժամանակն է ավարտին հասցնել մեր նախնիների սկսած գործը», ասում է. «Իր պապերի սկսած գործը, որի մասին խոսում է Էրդողանը, 20-րդ դարի պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր: 1915 թվականին, օգտագործելով առաջին համաշխարհային պատերազմը որպես քողարկում, թուրքերը կոտորեցին եւ իրականացրին 1 միլիոն 600 հազար հայերի ցեղասպանություն: Մինչդեռ աշխարհը այլ կողմ էր նայում: Մինչեւ այսօր էլ Էրդողանի Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ զբաղեցնում է ի սկզբանե հայկական տարածքների շուրջ 80 տոկոսը՝ ներառյալ Արարատ լեռը, որն ինչքան էլ քարտեզներում եւ սահմաններում ընդգրկվում է Թուրքիայի կազմի մեջ՝ մեր սուրբ լեռն է եւ միշտ էլ կլինի հայկական»:

Հովիկ Կեուչկարյանն ասում է՝ այսօր էլ, 2020 թվականին այս անգամ արդեն որպես քողարկում օգտագործելով ամբողջ աշխարհում տիրող այս ծանրագույն տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամը՝ կապված COVID-19-ի հետ, այս պահին, երբ մենք բոլորս պետք է միավորվեինք եւ յուրաքանչյուր երկիր իր հնարավոր ռեսուրսներով դիմակայում է այս աղետին, հենց այս պահին Էրդողանն ու Ալիեւը փորձում են նորից սկսել էթնիկ զտումներ, մի նոր ցեղասպանություն: «Սա ավելին է քան պատերազմ: Կոչ եմ անում միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ին՝ վե՛րջ հայտարարություններին, վե՛րջ մտադրություններին եւ վե՛րջ լոկ խոսքերին: Ժամանակն է գործելու եւ հնարավորինս արագ: Դուք ունեք բարոյական պարտավորություն ցանկացած այլ պայմանից վեր՝ զորք ուղարկելու Արցախ՝ խաղաղ բնակչության իրավունքները պաշտպանելու եւ այս բարբարոսությանը հիմնովին վերջ դնելու համար: Կտրուկ եւ վերջնականապես կանգնեցրե՛ք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրե՛ք այդ քաղցկեղը, որը հենց ինքը Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, ապա, վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում: Մինչեւ դուք որոշումներ եք կայացնում հայերը կռվում են, դիմադրում եւ պաշտպանվում: Ես պնդում եմ՝ նրանք պաշտպանվում են: Պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախկինների եւ մեր փոքրիկ հայկական հողի»,-տեսաուղերձում ասում է իսպանահայ դերասանը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ սփյուռքի հայերը դարձել են մի մեծ ընտանիք, որի շնորհիվ էլ գոյություն ունեն դարեր ի վեր. «Բայց չշփոթեք, հայերը հերթական անգամ պայքարում են հանուն իրենց գոյության: Այո, սա գոյամարտ է, քանի դեռ կա գեթ մեկ հայ ոտքի վրա կանգնած ով ունակ է զենք վերցնել եւ շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի: Մենք կշարունակենք պայքարել մինչեւ վերջ, երբեք չենք հանձնվի: Երբեք չենք նահանջի եւ չկասկածեք: Միշտ էլ հայը կանգնած է լինելու եւ շարունակելու է պայքարը: Ես ուզում եմ ուղղել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Արցախի եւ Հայաստանի ողջ քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած եւ հերոսացած հայերին եւ նրանց ընտանիքներին եւ բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը: Իմ հայ քույրեր եւ եղբայրներ դուք մենակ չեք Աստված օրհնի ձեզ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031