Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արգամ Այվազյան. «Հայ ժողովուրդը պետք է սրբագրի ոչ պատշաճ վերաբերմունքը Արցախյան խնդրի վերաբերյալ»

Հոկտեմբեր 20,2020 15:40

Նախիջեւանագետ, հայագետ Արգամ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի ներգրավվածությանը Արցախյան պատերազմում, դրա հիմքերին եւ պատճառներին` Պանթյուքիզմի ծրագրի համատեքստում: «Այդ ծրագիրը սկիզբ առավ 1890-1900-ականներին եւ Թուրքիան նախաձեռնեց դրա իրագործումը: Անդրկովկասում, Երեւանի նահանգում կազմակերպեց 1905թ ջարդերը` այդ թվում նաեւ Նախիջեւանում, Բաքվում, Շուշիում: Ծրագրի իրականացման երկրորդ փուլը 1918-20 հայ-թաթարական բախումներն էին՝ դարձյալ Բաքվում, Շուշիում, Ագուլիսում: Հետո 1920-21 թթ, երբ խորհրդայնացվում էին Անդրկովկասի հանրապետությունները, Թուրքիան ակտիվ մասնակցություն ունեցավ եւ ստեղծվեց Ադրբեջան շինծու Հանրապետությունը, որտեղ Լենինի հետ բանակցությունների ընթացքում 1921թ Նախիջեւանը եւ Արցախը ներառվեցին Ադրբեջանի կազմում: Այսպիսով` Թուրքիան կարողացավ ուղիղ կապ ունենալ Ադրբեջանի հետ»,-նշեց հայագետը:

Նրա խոսքով. «Մինչեւ 1934 թ Թուրքիան ոչ մի կապ չուներ Նախիջեւանի հետ, սակայն Նախիջեւանը ցամաքային կապ ստեղծեց, որոշ տարածք Պարսկաստանի հետ փոխարինելով` 11 կմ երկարությամբ, 5 կմ լայնությամբ տարածքով: Այնուհետեւ սկսվեցին հայկական բնակչության ճնշումները, նաեւ հայկական ու պարսկական մշակութային արժեքները ադրբեջանականացվեցին, Կիրակոս Գանձակեցին, Կաղանկատվացին, Նիզամին եւ մյուսները նրանց կողմից հայտարարվեցին ադրբեջանցիներ, եւ այս ամենը քար լռությամբ խորհրդային իշխանության տարիներին մենք կուլ տվեցինք:

Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն կենտրոններ, որտեղ ուսումնասիրվում են Հայաստանում տպագրված ցանկացած մամուլի հրապարակում, ռադիոհաղորդում, գիր ու գրականության, քննարկվում են, վերլուծություններ են կատարվում եւ դրանց հիման վրա իրականացվում են համապատասխան քայլեր: Հետագայում Սումգայիթի, Բաքվի կոտորածները թեեւ բարձրաձայնվեցին ՀՀ իշխանությունների կողմից, բայց մինչեւ հիմա չեն ճանաչվել որպես ցեղասպանություն: Զարմանալի է, եթե մենք պետականորեն չենք ճանաչում մեր աչքի առաջ կատարված Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, ի՞նչ ենք պահանջում ուրիշներից: 1915թ, երբ Մեծ եղեռնը Թուրքիան կազմակերպեց, որն իրենց ծրագրի մի մասն էր, այն ժամանակ աշխարհը խառն էր եւ հիմա էլ, երբ սանձազերծվել է Արցախի դեմ պատերազմական լայնածավալ պատերազմը կորոնավիրուսի պայմաններում, աշխարհը կրկին խառն է: 1990-ականների Մեղրիի փոխանակման հարց դրվեց քննարկման, դա լայն արձագանք չստացավ, սա Նախիջեւանից Մեղրի ցամաքային կապ ապահովելու համար էր, ինչը բարեբախտաբար իրականություն չդարձավ եւ այսօր չեմ ուզում քննարկել այդ հարցը, բայց փաստն այն է, որ Թուրքիան հետամուտ էր լինում իր ծրագրերն իրականացնելուն»:

Արգամ Այվազյանի խոսքով. «Հաջորդը Արցախյան խնդիր էր, որ սկիզբ առավ միացումով, Արցախի պետք է միանար Հայաստանին, մինչդեռ առանձին հանրապետության վերածվեց, ինչը Թուրքիային եկավ հուշելու, որ Հայաստանն ի վիճակի չէ միջազգային հարթակներում լուծել այս խնդիրը: 1998-2006թ Նախիջեւանի տարածքում Ադրբեջանը պետականորեն հայկական ողջ ժառանգությունը հիմնահատակ ոչնչացրեց, սակայն ՀՀ իշխանությունները բանակցությունների ժամանակ երբեք սրա մասին չխոսեցին : Մինչեւ այսօր Հայաստանը միջազգային իրավական եւ այլ կազմակերպվածություններում հարց չի բարձրացրել Ադրբեջանին միջազգայնորեն պատժելու համար: Հարց է առաջանում մի՞թե 26000-ից ավելի հուշարձանները հայկական մշակույթին չեն պատկանում, եւ Հայաստանի իշխանությունը՝ ով էլ լինի առաջին դեմքը, անտարբերություն է ցուցաբերում:

Հաջորդն այն է, որ ՀՀ եւ Արցախի շատ հայտնի գործիչներ հայտարարել են, որ Հայաստանը եւ Արցախը տարբեր պետություններ են եւ Հայաստանը ոչ մի իրավունք չունի Արցախի ներքին գործերին խառնվելու: Այսպիսի տարանջատումը եւս Թուրքիային հուշում էր, որ ինչ-ինչ խնդիրներ կան Հայաստանի եւ Արցախի միջեւ: Նաեւ վերջին 30 տարիների ընթացքում ազգային հարստությունը կողոպուտի է ենթարկվել իշխանավորների, գեներալների, գործարարների կողմից, ինչը եւս Թուրքիային համապատասխան եզրակացության տեղիք է տվել, որ կարող է մեկ շաբաթում Արցախյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»:

Արգամ Այվազյանի խոսքով, միասնականությունն այժմ բավականին բարձր է ու այդ գիծը պետք է շարունակել եւ միջազգային ատյաններում կարողանալ դիվանագիտորեն հասկանալի դարձնել թուրքադրբեջանական ագրեսիայի բուն իմաստը եւ ապահովել հաղթանակ. «Հայաստանն ու հայ ժողովուրդը` ի սփյուռս աշխարհի, սատար է կանգնել Արցախին, մեր երիտասարդ սերունդը ավելի գիտակից է գտնվել, քան խորհրդային իշխանության տարիներին էին: Թուրքը երբեք օրենք եւ իրականություն չի ճանաչում եւ չի ճանաչելու… Իմ խոնարհումը բոլոր զոհվածների շիրիմներին: Ես հույս ունեմ, որ այս պատերազմի համար ոտքի կանգնած հայ ժողովուրդը սրբագրելու է նախկինում ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքը Արցախյան խնդրի վերաբերյալ, խոսքը 7 շրջանների վերադարձի մասին է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031