Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային կառույցները պետք է գնան Արցախ, իրենց աչքով տեսնեն՝ ինչ է կատարվում, եթե պետք է գան Հայաստան, մեզնից իմանան, դրա կարիքը չկա». Արման Թաթոյան

Հոկտեմբեր 20,2020 15:28

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու Ադրբեջանի իրավական պատասխանատվությունը:

Արման Թաթոյանն անդրադարձավ լրագրողների հետ աշխատանքին. «Երբ Ադրբեջանի հրթիռակոծությունների արդյունքում միջազգային լրագրողներ վիրավորում ստացան Արցախում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե լրագրողները Արցախ այցելելու համար պետք է խնդրեն Ադրբեջանի թույլտվությունը, ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն չեն կրում լրագրողների անվտանգ աշխատանքի համար, այլ դա կրում են Հայաստանի իշխանությունները: Սա միջազգային իրավունքի ամենահիմքերին հակասող հայտարարություն է: Լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, կոնկրետ դեպքում՝ Արցախում, ունի լեգիտիմ նշանակություն: Լրագրողի աշխատանքը իրավապաշտպան նշանակություն ունի, որովհետեւ այս ընթացքում ակնհայտ է, որ լրագրողի աշխատանքը որքան շատ է օգնում ձեռք բերելու ապացույցներ, վեր հանելու ճշմարտությունը, որովհետեւ մենք ինքներս թաքցնելու որեւէ բան չունենք: Ես Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ամենօրյա կապի մեջ եմ, իրենք են լրագրողներին տանում տարբեր տեղեր՝ ցույց տալու: Լրագրողներն ունեն նաեւ քաղաքացիական պաշտպանության իրավունքներ, առավել եւս այն լրագրողները, որոնք վիրավորումներ էին ստացել՝ ֆրանսիացի լրագրողները, հայ լրագրողները, ռուս 3 լրագրողները, ակնհայտ է, որ նրանք եղել են քաղաքացիական հագուստով, տարբերանշանով, որեւէ զինվորականի հետ առնչություն չեն ունեցել՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս: Դրանից բացի, անգամ կասկածի դեպքում նույնիսկ եթե պետությունը չի կարողանում այդ պահին տարբերակել՝ սա լրագրող է, թե զինվորական է, կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է եւ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի իշխանությունները՝ լրագրողներին կոնֆլիկտային գոտում թիրախավորելու համար»:

Արման Թաթոյանը պատմեց, որ Շուշիում վիրավորված ռուս լրագրողներից մեկի հետ երբ հիվանդանոցում խոսում էր, խնդրել է փոխանցել. «Իր խոսքերն են՝ խնդրում եմ ամբողջ աշխարհին փոխանցեք, որ ուղիղ հարված էր, Շուշիի մայր տաճարի մոտ որեւէ զինվորական օբյեկտ չկար, մտադրված էր հարված հասցնելու հենց խաղաղ բնակիչներին: Դա իր գնահատականներն էին: Մենք պետք է շարունակաբար խրախուսենք լրագրողների աշխատանքը»:

Հայաստանի օմբուդսմենը ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը չպետք է պայմանավորվեն քաղաքական որեւէ հարցով, իսկ միջազգային կառույցներն այս հարցում խտրական մոտեցում են ցուցաբերում. «Չճանաչված պետություններում էլ կան կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ եւ նրանք որեւէ անգամ չպետք է դուրս լինեն միջազգային մարմինների հասանելիության ու պաշտպանության իրավունքից»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Թաթոյանին հարցրեց՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտող հայտարարություն է արել, հրավիրում են Հայաստան, Արցախ, ասում է՝ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, բա ի՞նչ հետեւանք է լինում այդ դատապարտող հայտարարությունից: Նա նաեւ հարցրեց, թե այլ պատերազմների, նմանատիպ ագրեսիաների դեպքում միջազգային հանրությունը ո՞նց է միջամտել, գործուն միջամտություն եղե՞լ է, թե՞ մենակ Արցախի դեպքում են իրենց այսպես պահում: Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես տիկին Միյատովիչի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ, կարեւորում եմ այդ կապը: Մենք աշխատանքներ թե՛ իր հետ, թե՛ ՄԱԿ-ի եւ մյուս կառույցների հետ իրականացնում ենք: Անհատական մակարդակում կան այդ կոնտակտները: Բայց մենք պետք է տարանջատենք՝ միջազգային կառույցներից ինչ ենք ակնկալում՝ ըստ իրենց իրավասության: Այստեղ կարեւոր է, որ միջազգային կառույցները գան իրենց աչքով տեսնեն ինչ է կատարվում: Եթե պետք է գան Հայաստան, մեզանից իմանան, դրա կարիքը չկա, մենք իրենց ամեն ինչ փոխանցում ենք: Իրենք պիտի գնան Արցախ, այնտեղ տեսնեն ինչ է կատարվում՝ այդ դաժանությունները, ավերվածությունները, քաղաքացիական բնակավայրերի կասետային հրթիռներից հրթիռակոծելը, օրինակ, Կարմիր խաչի քննադատությունը հստակ կա, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի քննադատությունը, ԵԽ-ի հանձնակատարի քննադատությունը կա՝ լրագրողների առումով»:

Ըստ Թաթոյանի, կարեւոր է, որ Արցախում լինի հատուկ աշխատանքային խումբ՝ անաչառ, միջազգային խումբ ու տեսնի, գնահատի, խոսի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

ՀՀ օմբուդսմենը նաեւ տեղեկացրեց. «Այսօր միջազգային մի քանի կազմակերպություններում մեր դիմումի հիման վրա հարուցված են վարույթներ՝ ահաբեկիչների թեմայով: Մենք շարունակում ենք ապացույցներ ներկայացնել, դրանք գլխավորապես փակ գործընթացներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031