Մոսկվան ցանկանում է ռազմական հռետորաբանության ու գործողությունների դադարեցում, հետո՝ համապարփակ նախագծերի քննարկում
Նյու Յորքում հոկտեմբերի 19-ին Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով քննարկումներ են կայացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախում լայնածավալ պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, առաջին անգամ քննարկեց հակամարտությունը՝ կողմերին կոչ անելով դադարեցնել կրակն ու բանակցել:
Այսպես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ անգամ քննարկեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, որը նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարեւորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը: «Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», – ասել է ռուսաստանցի դիվանագետը: Նրա խոսքով՝ գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է. «Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ»:
Միաժամանակ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ: «Դա արագ գործընթաց չէ, կա հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես հնարավոր կլիներ իրականացնել վերահսկողությունը», նշել է Նեբենզյան: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ վերահսկողության խնդիրը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն, առավել եւս, որ հենց այդ կառույցն է առաջ տանում կարգավորման գործընթացը: «Թե ով եւ ինչ կարգավիճակում այնտեղ կլինի՝ դա հարց է, որը դեռ քննարկվում է», հավելել է Նեբենզյան:
Կարդացեք նաև
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը: «Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», նշել է Լավրովը՝ հավելելով. «Այժմ ամենակարեւորը, որը թերեւս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջեւ, այլեւ՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է եւ՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, եւ՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, եւ՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում»:
Կարծես բոլորի համար է պարզ, որպեսզի կրակը դադարեցվի՝ անհրաժեշտ է հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծել, նոր անցնել բանակցությունների։ «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ եւ առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը միաժամանակ ընդգծել է՝ հրադադարից բացի անհրաժեշտ է նաեւ էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։ «Կան մանրամասն, համապարփակ նախագծեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պատրաստել, քննարկել են կողմերի հետ։ Այդ փաստաթղթերը, կարծում եմ, ներառում են բոլոր հարցերի պատասխանները», ասել է Լավրովը, հավելելով. – «Մենք այժմ պետք է հորդորենք կողմերին համաձայնության գալ առանցքային դրույթների շուրջ, ինչը թույլ կտա կայունացնել իրավիճակը արդեն երկարատեւ կտրվածքով, բացել հեռահաղորդակցության ուղիները, տնտեսական, տրանսպորտային կապերը եւ ապահովել թե՛ Ղարաբաղի հուսալի անվտանգությունը, թե՛ այստեղ ընկած այլ տարածքների»։
Նկատենք, որ Լավրովը վերջերս հայտարարել էր, որ սեղանին եղել եւ մնում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց համաձայն՝ «Ղարաբաղի շուրջ շրջանները պետք է «փուլային, քայլ առ քայլ ազատվեն՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչեւ վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ»։
Տարիներ շարունակ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունները հասցեական չքննադատեցին հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծելու կոչերին ի պատասխան Ալիեւի դրսեւորած քաղաքականությունը: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո այս պահանջի իրականացման խնդիրը դարձյալ սրվել էր, միջնորդները, պաշտոնական Երեւանը շարունակ պահանջում էին Բաքվից այդ մեխանիզմների իրագործումը:
Բայց պաշտոնական Բաքուն հստակ մերժեց հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, պատճառաբանելով, թե՝ «դա տեխնիկական հարց է», «դա հայկական կողմի առաջարկն է»: Ի՞նչ արեց միջազգային հանրությունն ի պատասխան սանձարձակ ու ռազմատենչ Ալիեւի պատճառաբանության… Մոռացության մատնեց շատ կարեւոր մեխանիզմների ներդրման պահանջը:
Այնուհետեւ, երկու տարի անց Ալիեւը՝ Թուրքիայի գործուն մասնակցությամբ լայնածավալ երկրորդ պատերազմը սանձազերծեց, եւ հիմա միջնորդները կրկին հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծելու կոչերով են հանդես գալիս, մտորում, թե ինչպես պետք է այն ոչ միայն հաստատել, այլեւ՝ հրադադարը պահպանել: Այժմ բոլորը սկսել են կարեւորել հրադադարի վերահսկման մեխանիզմը, գիտակցել դրա անհրաժեշտությունը, որի մասին անցած երկու տարիներին մոռացել էին:
Ինչեւէ, այս պահին հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթվա վերջին Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին: Politico ամսագիրը՝ հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին՝ հայտնել է, որ Մայք Փոմփեոն առաջիկա ուրբաթ նախ հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին, ապա՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Սակայն հստակ չէ՝ արդյոք նախատեսված է հանդիպում նաեւ եռաչափ ձեւաչափով» – հաղորդել է Politico-ն։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը բարձր է գնահատել պետքարտուղարի վերջին հանդիմանությունները Թուրքիայի հասցեին՝ Ադրբեջանին աջակցելու եւ հակամարտությանը միջամտելու համար։ «Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, այն պետք է լուծվի փոխադարձ զիջումների վրա», – ասել է Հայաստանի դեսպանը։
Առայժմ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը նախ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, ապա՝ իր հայ գործընկերոջ հետ, եռակողմ հանդիպման մասին տեղեկություններ չկան: Հավելենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը նախօրեին տված հարցազրույցներում ասել են, որ պատրաստ են հանդիպել եւ բանակցել Մոսկվայում, սակայն հնարավոր հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը համաձայնեցրել էին հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, սակայն այն չի գործել: Հրադադարի եւս մեկ անհաջող փորձ արվեց հոկտեմբերի 18-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, որը դարձյալ ադրբեջանական կողմը վիժեցրեց:
Այժմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը շարունակում է հույս հայտել, որ կողմերն առաջիկայում կհամաձայնեցնեն հրադադարի վերահսկումը:
Սպասենք արդյունքների. կհաջողվի՞ Ալիեւին գոնե լայնածավալ պատերազմի պայմաններում ստիպել ընդունել հրադադարի վերահսկման մեխանիզմներ ստեղծելու իրագործումը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ