«ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ-ն թուրք-ադրբեջանական ագրեսիայի փաստի առթիվ չի դիմում ՀԱՊԿ-ին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նկատառմանն ի պատասխան, որ Արցախի դեմ ռազմական գործողություններից բացի՝ հակառակորդը ագրեսիա է իրականացնում նաեւ ՀՀ սահմանների դեմ, Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «Դա դեռ որպես ագրեսիա գնահատելը վաղ է: Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա՝ այո: Նախ, առաջինը մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին եւ ֆիքսենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, եւ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնապաշտպանվել ենք: Բացի այդ, դիմում ենք նաեւ ՀԱՊԿ-ին, որի դեպքում արդեն ՄԱԿ-ը պետք է իրազեկվի կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին: Հիմա դրա մասին խոսելը դեռեւս վաղ է: Մի բան էլ ասեմ: Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, պետք է այն օգտագործել՝ այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն պաշտոնապես չի դիմում ՀԱՊԿ-ին, դա դեռ չի նշանակում, թե կառույցի հետ մշտական աշխատանք չկա. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է պետք անել: Ավելին՝ առաջին դեմքերի մակարդակով կա տեղեկատվության փոխանակում: Ավելին չեմ կարող ասել, որովհետեւ դա վարչապետի մամուլի ծառայության գործառույթն է, բայց այն, որ մենք անընդհատ շփման մեջ ենք, այդպես է: Հույս ունեմ, որ ձեր ասած պահը չի գա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ