Այսօր Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցությունից Լեւոն Զաքարյանն իր ելույթում անդրադարձավ կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճին եւ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Լեւոն Զաքարյանը քաղաքապետարանին առաջարկեց քաղաքապատկան հիմնարկների միջոցով փորձել մեղմել կորոնավիրուսի տարածումը․ «Խոսքս վերաբերում է հատկապես տրանսպորտին, վերջին շրջանում, սեփական փորձով եմ ասում, կան նաեւ օրինազանց վարորդներ, որոնք իրենք իսկ դիմակ չեն կրում, բնականաբար նրանք չեն էլ զգուշացնում դիմակ չկրող ուղեւորին՝ պահպանել կանոնները։ Ես իմ աչքով եմ տեսել, նկատողություն արել եմ, բայց ես չեմ հասցնի բոլորին նկատողություն անել»։
Պարոն Զաքարյանն ասաց, որ ականատես է եղել նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցում հակահամաճարակային կանոնների խախտումների, տեսակցողները չեն կրում դիմակներ, կանոնները չեն պահպանում։
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց՝ երկու օր առաջ հանձնարարական է տվել համայնքապատկան բոլոր կազմակերպություններին, որպեսզի եւս մեկ անգամ խիստ կերպով զգուշացվի՝ պետք է հետեւեն կանոններին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ