Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյանը պատգամավորներին պատմեց, թե ինչ ստեր է Ադրբեջանի օմբուդսմենը ներկայացնում. «Հայաստանն իր բոլոր լրագրողներին զինում է եւ ուղարկում է սահման՝ կռվի»

Հոկտեմբեր 20,2020 14:02

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման թեման Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործություններն էին եւ Ադրբեջանի իրավական պատասխանատվությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատգամավորներին ասաց, որ պետք է հասկանալ Ադրբեջանի զինված հարձակման իրական դրդապատճառները. «Նախ, այս զինված հարձակումներն   ուղեկցվում են քաղաքացիական բնակչության հատվածին թիրախային հարվածներով, դրանք արդեն ոչ այնքան խտրականություն չապահովող հարձակումներ են, այլ թիրախային են: Այդ հարձակումներն իրականացվում են արգելված՝ կասետային զինատեսակներով: Դրանք պատճառում են ոչ միայն մահ, այլ նաեւ կյանքը խեղող վնասվածքներ: Մյուս կարեւորագույն գործոնը, որը պետք է հաշվի առնենք, վերաբերում է ահաբեկիչների առկայությանը՝ ջիհադիստների եւ ահաբեկչական խմբավորումների առկայությանը, ինչն արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է: Մենք տարբեր տեսանյութեր, լուսանկարներ, օբյեկտիվ բնույթ ունեցող ապացույցներ ունենք, ու սրանց մեջ կարեւորագույն 3 փաստ է, որ առանձնացնում ենք: Առաջինը՝ ամեն անգամ հաստատվում է, որ Արցախի դեմ  զինված հարձակումներում կան ահաբեկիչներ, երկրորդը՝ նրանք կատարում են դաժանություններ եւ պատերազմական հանցագործություններ, եւ երրորդը՝ նրանք իրենք են հենց այդ տեսանյութերում նշում, որ շարունակելու են իրենց ահաբեկչական գործողությունները այլ երկրներում եւս»:

Արման Թաթոյանը եւս մեկ կարեւոր հանգամանք նշեց՝ այն հսկայածավալ ատելության խոսքը, որն օրնիբուն առաջին իսկ օրվանից սկսած ուղեկցում է այս ողջ գործընթացը. «Ակնհայտ է, որ Ադրբեջանում մշտապես եղել է պետական աջակցություն վայելող հայատյացություն: Այս զինված հարձակումների առանձնահատկությունն այն է, որ այն ատելությունը, որ տարածվում է ադրբեջանական ու թուրքական աղբյուրներից, դրանք առավել կազմակերպված են, այն սոցիալական ցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, առավել ինստիտուցիոնալ բնույթ են կրում ու, բռնության տեսարանների տեսանյութեր տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների, ակնհայտ է, որ այս հսկայածավալ ատելության պարագայում դրանք լրացուցիչ պարարտ հող են ստեղծում՝ լրացուցիչ դաժանությունների ու վայրագությունների համար: Այս ամենը նշանակում է, որ այս բոլոր գործոնները պետք է դիտարկենք՝ որպես մեկ միայնական շղթայի բաղադրատարրեր: Երբ վերլուծում ենք այս ամենը, ակնհայտ է դառնում, որ խոսքը վերաբերում է էթնիկ զտման եւ ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականության մասին՝ Հայաստանի եւ Արցախի բնակչության նկատմամբ»:

Օմբուդսմենը նշեց, որ փաստահավաք աշխատանք են կատարել Հայաստանում, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, Սյունիքում. «Մենք ամբողջը փաստագրել ենք ու ներկայացրել ենք, նաեւ շարունակում ենք ներկայացնել միջազգային կառույցներին: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարները, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դեպքում նույնպես լայնորեն աշխատում են ու հսկայածավալ տեղեկություն են փոխանցում: Դրանց թվում կան ակնհայտ կեղծ տեղեկություններ նաեւ: Ընդամենը կարող եմ մի օրինակ բերել՝ մեր մի քանի գործընկերներ՝ օմբուդսմեններ, ինձ պաշտոնական նամակներ են գրել եւ իրենց համերաշխության խոսքն են բերել, որ անթույլատրելի են զինված բախումները, որ ցավակցում են խաղաղ բնակիչների թվում զոհերի եւ այլնի հետ կապված, աջակցում են Հայաստանում ու  եւ Արցախում իրականացվող ջանքերին՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը: Ըստ երեւույթին, նրանցից մի քանիսը նաեւ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ դարձյալ գործընկերային կարգով: Ի՞նչ է արել Ադրբեջանի օմբուդսմենը՝ վերցրել է եւ այդ ամբողջ հրապարակել է կայքում, գրել է՝ այսինչ եւ այսինչ օմբուդսմենները աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ օկուպացիոն քաղաքականության, չգիտեմ ինչ հարցերում, անգամ նման վերաբերմունք է, էլ չասեմ զեկույցները: Օրինակ, վերցնում են մեր «Զինուժի» լրագրողների նկարները, որոնք, բնականաբար, զինված են եւ ունեն համազգեստ, նրանց կարգավիճակը բոլորովին այլ է, քան քաղաքացիական լրագրողներինը եւ ներկայացնում են, թե Հայաստանը իր բոլոր լրագրողներին զինում է եւ ուղարկում է սահման, որ կռվեն, հետո էլ, որ վիրավորումներ են ստանում, պատճառաբանում են, թե քաղաքացիական լրագրողներ են: Սրանք փաստերը նենգափոխող տվյալներ են, որոնց դեմ մենք ամենօրյա պայքար ենք տանում»:

Հաշվի առնելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  «A» բարձր կարգավիճակ ունի, կարողանում է շատ խողովակներով, որոնք հասու չեն Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, ճիշտ տեղեկատվություն հաղորդել միջազգային գործընկերներին ու մաքրել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031