Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակվել է Բասեն գյուղին շունչ տվող դարբինը․ նա չորս անչափահաս երեխաների հայր էր

Հոկտեմբեր 20,2020 13:49

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակված Շիրակի մարզի Բասեն գյուղի դարբինը՝ 42-ամյա Պերճ Անտոնյանը, չորս անչափահաս երեխաներ ունի։ Բասեն գյուղում չկա որևէ տարածք, որտեղ Պերճ Անտոնյանի ձեռքի գործերից մի բան չլինի, գյուղի՝ անմահություն խորհրդանշող խաչքարը ևս նրա ձեռքի աշխատանք է։  Նա կամավորական էր գրվել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։

«Արդար քրտինքով ապրող մարդ էր Պերճս, փոքրուց զբաղվել է դարբնությամբ, երբ գյուղի խաչը սարքում էր, մտածում էր, որ գյուղին պահապան կլինի։ Խաչը կենդանի մնացողներիս պահապան եղավ, բայց իրեն չեղավ, եթե լիներ, ինքն էլ կլիներ մեր կողքը»,- ասում է նրա մարտական ընկերը՝ ՌԴ-ից հայրենիքի պաշտպանության համար վերադարձած Իգարիկ Ավագյանը։

Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանն  էլ ասում է, որ Պերճը գյուղին շունչ տվողն էր ու նրա զոհվելուց հետո օդը կանգ է առել։

«Գյուղում օդը կանգ է առել, գյուղին շունչ տվողն ինքն էր, չկա մի քառակուսի մետր տարածք, որ Պերճի ձեռագիրը չլինի, վառարաններից սկսած ինքն էր սարքում։ Վառելիքի խնայողության թեմայով ծրագրեր, որ լինում էին, շատերը գալիս էին մեր գյուղ, գիտեին, որ կա Պերճ անունով անձ ու դիմում էին նրան, եթե Պերճը հավանություն էր տալիս իրենց ծրագրին, ուրեմն կիրականանար։ Ծրագիր էինք շահել, «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը մեզ դրամաշնորհ էր տվել, գումարի սահմաններում պիտի կարողանայինք խաղահրապարակ կառուցեինք, գումարն այնքան քիչ էր, մեր պահանջները՝ շատ։ Նայում էինք կոմպլեքս խաղասարքերը 1 միլիոն 700 հազար, 2-3 միլիոն արժեին, մենք ընդամենը ունեինք 1 միլիոն 500 հազար դրամ ու շատ բան էինք պահանջում։ Պերճը եկավ, նստեց, ասաց՝ բայց ժամանակ չունեմ, պատվերներս շատ են, ասացի՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ասաց՝ լավ, գիշերները չեմ քնի, բայց գյուղի երեխաներին  խաղահրապարակ կնվիրեմ։ Միայն շինանյութը տվեցինք, երկաթի կտորները տվեցինք, ու ինքը մեկ ամիս շարունակ գիշեր-ցերեկ մեր գյուղի երեխաների համար խաղահրապարակ սարքեց»,-հիշում է Թեհմինա Սոլախյանը։

Դպրոցի տնօրենն ասում է, որ Պերճ Անտոնյանի երեխաներից երկուսը դպրոցահասակ են, աղջիկը շատ լավ է սովորում։

«Դուստրը գերազանց է,  բնագետ-մաթեմատիկ է, ասում էի՝ լավ մաթեմատիկոս կդառնաս: Հենց պատերազմը սկսվեց, պապան գնաց առաջնագիծ, մտել էր դասարան, ասել էր՝ վերջ եմ դնում մաթեմատիկային ու ֆիզիկային, ես թուրքագետ եմ դառնալու, մեր թշնամու լեզուն լավ հասկանամ, որ ես էլ այդ հարթակում հաղթեմ թշնամուն։ Հիմա էլ ասում է՝ ես չպիտի հաղթեմ, ես վրեժ պիտի լուծեմ, պապայիս վրեժը։ Մեր գյուղում օդը իրոք սառեց, մեզ շունչ տվողները, մեզ կյանքն տվողներն անկենդանացել են, մենք կենդանի կմնանք, բայց կապրե՞նք արդյոք, Ռեմարկի խոսքերն են․․․»,-ասում է Թեհմինա Սոլախյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031