Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայի պատասխանատու որոշումը պետք է օրինակ լինի Թուրքիային եւ Ադրբեջանին զենք մատակարարող երկրների համար. Աննա Նաղդալյան

Հոկտեմբեր 20,2020 13:38

Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը Թուրքիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական բախումների առիթ դարձավ:

Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչի՞ արդյունք է Կանադայի նման կեցվածքը՝ դիվանագիտական աշխատանքի՞, թե՞ սփյուռքի կառույցների լոբբիստական աշխատանքի, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Մենք ողջունում ենք Կանադայի արտաքին գործերի նախարարի որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։  Այս որոշումը վերահաստատում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն իր դաշնակից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում»։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Ադրբեջանին սպառազինությունների փոխանցման հարցում Հայաստանը հանդես է գալիս ինչպես հրապարակային դիրքորոշմամբ, այնպես էլ դիվանագիտական մակարդակով։

Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսն է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք Կանադայի կեցվածքը: «Կանադայի այս պատասխանատու որոշումը պետք է օրինակ ծառայի բոլոր այն երկրներին, որոնք շարունակում են սպառազինությունների տրամադրումը Ադրբեջանին և Թուրքիային»,- եղավ ԱԳՆ խոսնակի պատասխանը։

Ադրբեջանին զենքի հիմնական տրամադրողներն են Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսը եւ այլն: Տիկին Նաղդալյանից հետաքրքրվեցինք նաեւ այս ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են՝ համանման արդյունքների հասնելու համար:

«Զենքի վաճառքի հարցում մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ: Այն երկրները, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքը մահացու է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն վարանում այն խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դեմ օգտագործելուց, ինչին մենք ականատես եղանք նաև այս օրերին՝ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ժամանակ: Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը»,- պատասխանել է Աննա Նաղդալյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031