Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանատների դիմաց կազմակերպել են ցույցեր` հորդորելով կառավարություններին և խորհրդարաններին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի տարածքում պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք: Ցուցարարների մեջ են նաեւ ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման պատճառով տները թողած եւ Հայաստան տեղափոխված արցախցի կանայք, որոնց ամուսիններն ու հարազատները առաջնագծում են։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց հավաքվածները հայտարարում են, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, հոսպիտալները, մշակութային ու կրոնական հաստատություններ, Ադրբեջանի կողմից կռվում են նաեւ ահաբեկիչներ: Կանայք պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, որը գրավական է հայրենի հողում իրենց կյանքի իրավունքի:
Ցուցարարներից մի քանիսին ներս են ընդունել, որպեսզի հանդիպեն ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ցուցարարները ընթերցեցին նաեւ իրենց ուղերձը, որը փոխանցվելու է նաեւ Անդրեա Վիկտորինին: Այնտեղ, մասնավորապես դատապարտվում է երկրների չեզոք վերաբերմունքը` իրենց պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգի նկատմամբ:
«Հրատապ է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը: Բողոքի գործողությունները տեղի են ունենում նաեւ այլ երկրների դեսպանությունների առաջ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ