Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն քննարկեց «Ոչ վարկային թալանին» կոլեկտիվ հանրագիրը. հարցերի մի մասը խորհրդարանի իրավասությունից դուրս է

Հոկտեմբեր 20,2020 12:47

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովում այսօր քննարկվեց սեպտեմբերի 24-ին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության կողմից խորհրդարանին ներկայացված կոլեկտիվ հանրագրի պատասխանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մինչեւ պատասխանը հրապարակելը նախ տեղեկացրեց. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնությունը բազմաթիվ ստորագրություններով կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ԱԺ նախագահի անունով, եւ, կանոնակարգ- օրենքի պահանջներից ելնելով, երեք շաբաթում  հանձնաժողովը պետք է որոշում կայացնի, իսկ ԱԺ-ն՝ մեկ ամսում պատասխան ուղարկի: Նախաձեռնությունից պատասխանատու անձ է հանդիսանում Մանուել Մանուկյանը, ով, մեր տեղեկություններով, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր զինվորներին»:

Արկադի Խաչատրյանի փոխանցմամբ՝ սահմանված ժամկետում հանրագրի պատասխանն այս ընթացքում արդեն մշակվել է. «Հանրագրով վեց առաջարկ է ներկայացվում ԱԺ-ին: Կան այնպիսի հարցադրումներ, որոնք չեն վերաբերում ԱԺ-ի իրավասություններին: Վեց առաջարկներից երկուսը վերաբերում են մինչեւ մեկ տարի ժամկետով վարկային արձակուրդներ տրամադրելուն: Մեկ առաջարկ վերաբերում է առանձին բանկերի եւ վարկային կազմակերպությունների լիցենզիան դադարեցնելուն, որոնք արտակարգ դրության պայմաններում ճնշումներ են գործադրել քաղաքացիների վրա: Մյուս երկուսը վերաբերում են փաստացի տոկոսադրույքների շեմ սահմանելուն, իսկ վերջինը՝ վարկային բյուրոյի տեղեկատվական բազան թարմացնելուն եւ վարկային համաներում հայտարարելուն»:

Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց՝ վարկային արձակուրդ տրամադրելու հարցը գտնվում է մասնավոր քաղաքացիաիրավական դաշտում, հետեւաբար՝ այն չի մտնում ԱԺ-ի իրավասությունների մեջ, եւ դժվարություններ ունեցող քաղաքացիների հարցը քննարկել ու որոշումներ է կայացրել կառավարությունը՝ կորոնավիրուսի հետեւանքները մեղմող հակաճգնաժամային միջոցառումների տեսքով. «Ինչ վերաբերում է որոշ բանկերի եւ վարկային կազմակերպությունների լիցենզիան դադարեցնելուն, ապա կարգավորումները ԿԲ-ինն են: Հարցն ԱԺ-ի լիազորություններից դուրս է: Իսկ վարկային բյուրոն վարկատուներին տեղեկատվություն տրամադրողն է, որի բացակայությունը կհանգեցնի նրան, որ բանկերը կվարկավորեն միայն բարձր վարկունակություն ունեցողներին: Հետեւաբար, տվյալների բազայից այդ տեղեկատվության վերացումը կամ չտրամադրումը կհանգեցնի նրան, որ կտրուկ կնվազի վարկային միջոցների հասանելիությունը: Բացի այդ, բարեխիղճ քաղաքացին ցանկանո՞ւմ է, որ իր մասին տեղեկատվությունը վերանայվի: Ինչ վերաբերում է առավելագույն տոկոսադրույք սահմանելուն, ապա նշեմ, որ բանկերի եւ վարկային կազմակերպությունների սահմանած տոկոսադրույքները պայմանավորված են նրանց ծախսերով: Հետեւաբար, եթե ՀՀ-ում ոչ շուկայական մեթոդներով տոկոսադրույքները սահմանափակենք վերին շեմերով, դա կբերի վարկավորման կտրուկ սահմանափակման»:

Այս ամենը, Արկադի Խաչատրյանի խոսքով, չի նշանակում, թե բանկերն ու վարկային կազմակերպությունները չարաշահումներ թույլ չեն տալիս. «Հետեւաբար, հանձնաժողովն ապագայում միշտ պատրաստ է քննարկել առաջարկ եւ լսել հիմնավորումներ: Հանձնաժողովն ապագայում էլ պատրաստ է հանրությանը հուզող հարցերը քննարկել»: Ապա հանձնաժողովում միաձայն կողմ քվեարկեցին կոլեկտիվ հանրագրին նշյալ բովանդակությամբ պատասխան հաստատելուն: Գրավոր պատասխանն ուղարկվելու է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031