Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ակտիվիստներն այսօր Հայաստանում Հունաստանի եւ ՌԴ դեսպանատների մոտ բողոքի ցույցեր անցկացրեցին: Պահանջը նույնն է՝ ճանաչել Արցախի անկախությունը եւ գնահատականներ տալ ադրբեջանաթուրքական վայրագություններին:
«Մինչ միջազգային կառույցները՝ մտահոգված լինելով քաղաքական չեզոքություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ, խուսափում են Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ ագրեսիան դատապարտելուց և սահմանափակվում են կրակի դադարեցման և հակամարտության լուծման շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու երկու կողմերին ուղղված կոչերով, մարտական գործողությունների ընթացքում ամեն օր արձանագրվող փաստերը հստակ կերպով բացահայտում են Ադրբեջանի մտադրությունը՝ տեղահանել և բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը։ Այդ մտադրությունն ամրապնդվում է նաև շարունակական բնույթ կրող հայատյաց հայտարարություններով, որոնք տարիներ ի վեր հնչեցվում են և՛ պաշտոնական հարթակներում, և՛ առցանց տիրույթում՝ հող նախապատրաստելով բռնի ուժով լուծելու հակամարտությունը:
Ցավալի է, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, արգելված զինամթերքի կիրառումը, խաղաղ բնակչության թիրախավորումը, ինչն ակնհայտորեն էթնիկական զտման նպատակ է հետապնդում, մինչ օրս չեն արժանացել համարժեք գնահատականի միջազգային հանրության կողմից: Պատշաճ արձագանքի չի արժանացել նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձած հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան, ինչն ամենուր դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանը ու մարդու իրավունքների, այդ թվում՝ կանանց իրավունքների ողջ համակարգին և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանում բնակվող ժողովուրդների, այլև ողջ աշխարհի համար»,- ասված է հայտարարության մեջ, որը ցույցի մասնակիցները փոխանցեցին Հունաստանի եւ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններին:
Ցույցի մասնակիցները պահանջում են՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ», դադարեցնել երկակի ստանդարտների մոտեցումը. «Ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ այսօր Արցախի Հանրապետության չճանաչված լինելը այնտեղ ապրող խաղաղ բնակիչների և նույնիսկ երեխաների տառապանքն ու մահը «արդարացնող» հանգամանք է դարձել, համոզմունք հայտնելով, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է դառնալ կանանց, երեխաների, երիտասարդների բազմաթիվ կյանքեր խլող դաժան պատերազմը դադարեցնելու և Արցախում հումանիտար աղետը վերացնելու հստակ նախադրյալ՝ հորդորում ենք աշխարհի երկրների կառավարություններին և խորհրդարաններին՝ միջազգայնորեն ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դիտարկելով անկախության անհապաղ ճանաչումը որպես Արցախի տարածքում պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք»:
Կարդացեք նաև
Հայտարարությունը ստորագրել են մոտ երեք տասնյակ կազմակերպություններ:
Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ «Կա՛նգ առ Էրդողան», «Կա՛նգ առ Ադրբեջան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ