ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Նավասարդյանը, զանգահարելով խմբագրություն, ասաց, որ ինքը պատրաստ է իր բոլոր բախտակից ընկերների հետ որպես մահապարտ մեկնել Արցախ՝ պայքարելու։
Մեկ այլ դատապարտյալ՝ 40-ամյա Էդգար Համբարձումյանն էլ իր հերթին նշեց, որ ժամանակին ծառայել է Մարտունիում։ «Հիմա դիմում եմ գրել, որ ինձ ուղարկեն հենց այդտեղ, պատրաստ եմ մինչեւ վերջին շունչս պայքարել ազերիների դեմ։ Ես ինքս Քաջարանից եմ՝ քաջերի քաղաքից, կարծում էլ բան պետք չի ասել»,–ասաց Էդգար Համբարձումյանը։
60-ամյա Հենրիկ Ավագյանի խոսքով էլ, ինքը մասնակցել է 1990-ականների հայ–ադրբեջանական սահմանային հակամարտությանը, զենք կիրառելու մեծ փորձ ունի։ «Անիմաստ ստեղ լռված ենք։ Տանեն, թող կռվենք, էդ մեր ծախսերն էլ թող փոխանցեն բանակին»,–ասաց Հենրիկը։
Ի դեպ, դատապարտյալների հավաստմամբ, կապանցի եւ քաջարանցի տասնյակ դատապարտյալներ նույնպես դիմում են գրել՝ ընդգրկվելու իրենց քաղաքներում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատներին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից սանձաձերծած պատերազմի հաջորդ օրը առաջնագիծ մեկնելու դիմումներ էին գրել «Վարդաշեն» ՔԿՀ–ի դատապարտյալները, «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրողները, նույն հիմնարկում պահվող ցմահ ու իրանցի դատապարտյալները։
Օրեր առաջ էլ, «Արմավիր» ՔԿՀ–ի 4-րդ մասնաշենքի թվով 141 դատապարտյալ ու կալանավոր անձինք բողոքի ցույց էին արել՝ հրաժարվելով սննդից ու ներքնակները խցերից հանելով դուրս։ Բողոքի ցույցից հետո քրեակատարողական ծառայությունը պարզաբանեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որեւէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ։
Ըստ այդմ, հարցի լուծումը իրենց գործառույթներից դուրս է։ ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրին, որ ՔԿՀ-ներում գտնվողներն ունեն հատուկ կարգավիճակ եւ կցագրված չեն զինկոմիսարիատներում։
Հարցի պարզաբանման համար արդեն, արդեն 12 օր է, ինչ հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ սպասում ենք նրանց պաշտոնական պատասխանին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ