Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընդամենը առաջարկ ենք անում, կընդունի՝ կփորձենք աջակցել, չի ընդունի՝ կփորձենք չխանգարել». Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 20,2020 11:20

Մի քանի օր առաջ կուսակցություններն առաջարկեցին ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ եւ ներգրավել «նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, ՊՆ ու ԱԳ նախարարներին, փորձառություն ունեցող այլ անձանց»։ ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը մասնակցել է այդ քննարկումներին։

-Հայտարարությունից հետո իշխանական ճամբարից տարբեր կարծիքներ հայտնեցին, որ սա պետական հեղաշրջման փորձ է, դավաճանություն, որ նախկինները պետք է «ձայները կտրեն, նստեն տեղները»։

– Ես տեղյակ եմ այդ մեկնաբանություններին, անշուշտ, դրանք քննադատության չեն դիմանում։ Ո՞րն է մեր առաջարկության իմաստը, ընդամենն ասում ենք՝ լսեք, խորհուրդ ենք տալիս շատ հրատապ անդրադառնալ նախկին, լավ՝ «նախկին» բառը հանենք, ապագա, եթե ուզում եք, որեւէ մեկին, որի փորձառությունը, հմտությունը, կարողություններն ու գիտելիքները ձեզ մոտ կասկածահարույց չեն։ Այստեղ ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել։ Ավելին, այս առաջարկությամբ այդ կուսակցությունները հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ այս բարդ իրավիճակում քաղաքական պատասխանատվությունը նաեւ մասամբ վերցնելու իրենց վրա։

– Ասացիք՝ պատրաստ եք քաղաքական պատասխանատվության բեռը որոշ չափով ձեզ վրա վերցնել։

– Ասացեք, խնդրեմ, այսօր կառավարության կազմում վարչապետից բացի նաեւ նախարարներ կան, չէ՞, հիմա ի՞նչ եք կարծում, նրանք իրավիճակի հետագա զարգացումների համար իրենց բաժին պատասխանատվությունը կրո՞ւմ են, թե՞ ոչ։ Իհարկե, կրում են։ Հետեւաբար, երբ որ մենք ասում ենք՝ ստեղծեք մի կառույց, որը պետք է օժտված լինի պատասխանատվությամբ՝ օպերատիվ կառավարման հարցերում քննարկելու, որոշումներ կայացնելու, սա նշանակում է, որ ունակ է այդ կառույցը ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։ Գոնե ես էդպես եմ հասկանում։

-Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է միասնությունից, մյուս կողմից՝ մեղքը բարդում նախկինների վրա, որ վատ ժառանգություն է ստացել, որ նախկիններն են մեղավոր։

– Ներքաղաքական միասնության համար ո՞վ է համար մեկ պատասխանատուն, ո՞վ պետք է առաջինը նախաձեռնի քայլեր, որոնք կերաշխավորեն ներքաղաքական համախմբվածությունը։ Բնականաբար՝ իշխանությունը։ Եվ էստեղից էլ՝ մնացած բոլոր հետեւությունները։ Հիմա դրա ժամանակը չէ։ Եվ ես նույն հորդորը կուղղեի նաեւ վարչապետին։

– Իսկ ե՞րբ դրա ժամանակը կգա, գուցե վաղը խոսելն ուշացա՞ծ լինի։

– Ես, այդուհանդերձ, այն կարծիքին եմ, որ քաղաքական պատասխանատվությունը նաեւ ենթադրում է քաղաքական ողջամտություն, խոհեմություն։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ հենց այս կոնտեքստում իշխանությունը, վարչապետը, նրա մերձավոր շրջապատը պետք է գնահատեն, ընկալեն 13 կուսակցությունների նախաձեռնությունը։ Եթե դա այդպես չի ընկալվում, մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել։ Մենք ընդամենը առաջարկ ենք անում, կընդունի՝ կփորձենք աջակցել, չի ընդունի՝ կփորձենք չխանգարել։ Սա է իմաստը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031