«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-ամյակի առիթով Նյու-Յորքի հանրային գրադարանում կազմակերպված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ընթացքում շնորհվեց լրագրության ոլորտում առաջին «Ավրորա» մարդասիրական մրցանակը: «Ավրորան» կարեւորում է լրագրության դերը՝ մարդասիրական խնդիրներն ու լուծումներն ըմբռնելու եւ աշխարհում դրանց վերաբերյալ հանրային իրազեկումն ընդլայնելու գործում:
Մրցանակին արժանացան PBS ցանցի «Լրատվական ժամի» միջազգային թղթակից, «Նյու-Յորքեր» պարբերականի հեղինակ եւ Փրինսթոնի համալսարանի լրագրության պրոֆեսոր Ջեյն Ֆերգյուսոնը եւ Նիկոլաս Քրիստոֆը, որը մասնագիտացած է մարդու իրավունքների լուրջ խախտումների եւ սոցիալական անարդարության լուսաբանման ոլորտում:
«Ես կյանքս եմ նվիրել պատերազմական լրագրությանը եւ մարդկային պատմությունների ներկայացմանն այն վայրերից, որտեղ խառնաշփոթ է: Եվ ես խորապես զգացված եմ ու շնորհակալ այս մրցանակի համար: Ամենակարեւոր բաներից մեկը, որ անում է «Ավրորան», ներկայացնում է ամբողջ մոլորակում իրականացվող այն մարդկանց աշխատանքը, որոնք փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել: Եվ ինձ համար պատիվ է արժանանալ այս ճանաչմանը»,-հայտարարել է Ֆերգյուսոնը:
Իսկ Նիկոլաս Քրիստոֆը ասել է. «Մեծ ակնածանքով եմ վերաբերվում «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ լիահույս եմ, որ նրանց ներդրած ջանքերը կծառայեն որպես հիշեցում մեր համընդհանուր մարդկայնության մասին։ Ես շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ իմ հերթին հնարավորություն ունեմ աջակցելու Լրագրողների պաշտպանության կոմիտեին, որն ամբողջ աշխարհում օգնում է լրագրողներին ողջ մնալ եւ խուսափել բանտից»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ