Հոկտեմբերի 10-17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ եւ Խնածախ բնակավայրերը՝ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ, որի ժամանակ վնասվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Սա էլ արդեն ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքն է, որի դեպքում կազմակերպությունը պարտավոր է արձագանքել անդամ պետության տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքին։
Հարցադրումն ուղղեցինք ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւին, որն ի պատասխան՝ առաջարկում է ՀԱՊԿ-ի հետ հույսեր չկապել։ «Այլ միայն Ռուսաստանի, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ ՀԱՊԿ-ում տարբեր դիրքորոշումներ են։ Ղազախստանն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, Բելառուսը վաճառում է «Պոլոնեզ» եւ այլ սպառազինություններ արդեն կոնֆլիկտից հետո։ Այնպես որ, միայն ռուս-հայկական ռազմական փոխօգնություն։ Որքանով ես եմ հասկանում՝ Ռուսաստանից Հայաստան օգնություն գալիս է։ Միգուցե կան թերություններ»,- ասաց ռուսաստանցի փորձագետը։
Կոնկրետ Սյունիքի հետ կապված՝ նա հավելեց․ «Պետք չէ խուճապի մատնվել։ Այն, որ պատերազմը կտեղափոխվի ՀՀ տարածք, հասկանալի էր ի սկզբանե, քանի որ նման մասշտաբի դեպքում սա անխուսափելի էր։ Եվ դա տեղի ունեցավ նաեւ հուլիսին, երբ պատերազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին էին»։ Վլադիմիր Եվսեեւն ասում է, որ սյունեցի համայնքապետերի կոչը տեղին է եւ արդարացված։ Նաեւ առաջարկում է՝ թող կազմակերպեն քաղաքների հակաօդային պաշտպանությունը։ «Բայց այս մասով կարծել, թե հայաստանյան քաղաքների վրա պետք է գրոհեն ինչ-որ դիվերսանտներ, սա արդեն չափազանցություն է»,- հավելեց Եվսեեւը։
Կարդացեք նաև
Որքան հայտնի է՝ մենք ՌԴ-ի հետ ունենք միացյալ ՀՕՊ։ Ուրեմն ինչո՞ւ են մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ հայտնաբերվում եւ ոչնչացվում, նախքան դրանք թիրախներ կխոցեն։ Վլադիմիր Եվսեեւը նկատեց, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայված է Գյումրիում՝ 102-րդ բազայում։ «Եվ նախատեսված է Թուրքիայի հետ սահմանի պաշտպանության համար։ Գյումրու ՀՕՊ համակարգերը 300 կիլոմետր հեռավորության համար են նախատեսված։ Իսկ այլ ուղղություններով հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր։ Գյումրու բազան չի կարող պաշտպանել ՀՀ ողջ տարածքը։ Իսկ Հայաստանի ՀՕՊ համակարգը տեղափոխվել է Ղարաբաղ»։
Եվսեեւը մանրամասնեց նաեւ, որ ռուսական բազան ժամանակին տեղակայվել է Գյումրիում, քանի որ այն ժամանակ միայն այս կողմից էր գնահատվում վտանգը։ «Նաեւ հայտարարվում էր, որ Հայաստանի Հանրապետությունն իր խնդիրները երկրի արեւմտյան հատվածում սեփական ուժերով կլուծի։ Բայց տեսնում եք, որ չստացվեց։ Եթե մենք նախապես պայմանավորված լինեինք եւս մեկ ռուսական բազայի ստեղծման մասին՝ երկրի արեւմտյան հատվածում, լինեին սարքավորումներ, սպառազինություն, իրավիճակը շատ ավելի լավ կլիներ»,- հավելեց Եվսեեւը։
Անուշ Դաշտենց
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: