Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար. Արմեն Սարգսյանը` France 24-ին

Հոկտեմբեր 20,2020 10:14

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

– Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:

– Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

– Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

– Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

– Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

– Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031