Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ռազմական հանցագործությունների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր ՍԻՐԱՆՈՒՅՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-Այս օրերին ականատես ենք, թե ինչպես է միջազգային հանրությունը քար լռությամբ հետևում այս վայրագություններին, պատերազմական հանցագործություններին։ Սա հաշվի առնելով, ի՞նչ ակնկալիք ունեք ռազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային իրավական կառույցներից, նրանք կարո՞ղ են անկողմնակալ դիրքորոշում ունենալ։
-Նախ երբեք էլ չեմ կարծել, թե միջազգային հանրությունն իրողություններին միշտ ճիշտ է արձագանքում և չունի խտրական վերաբերմունք այս կամ այն իրադարձության վերաբերյալ։ Միջազգային հանրությունն ունի ազդեցության գործիքներ, բայց դրանք ամբողջովին պայմանավորված են շահերով։ Պայմանավորված այն հանգամանքով, թե խնդիրը որ երկրի հետ է կապված, արձագանքն էլ լինում է ըստ այդմ, այսինքն՝ տարբեր ու երկակի ստանդարտներով։
Այս տեսանկյունից մեր հանդեպ վերաբերմունքը հիասթափեցնող է, հատկապես որ Հայաստանը մշտապես փորձել է հաշվի նստել միջազգային հանրության հետ։ Մինչդեռ այսօր այդ հանրությունը մեր շահերը, իրավունքները անտեսում, ոտնահարում է զուտ քաղաքական խնդիրներից ելնելով։ Սա ուղղակի ազդակ է, որը հետագայում Հայաստանի քաղաքական իշխանության կրողները պետք է ճիշտ վերաիմաստավորեն, հասկանան միջազգային հանրության դերը հայության կյանքում։
Կարդացեք նաև
Քաղաքական ատյանների արձագանքները բավականին թույլ են, բայց իրավական մեխանիզմները փոքր-ինչ այլ կերպ են գործում։ Իհարկե, վերջիններս էլ են ենթարկվում քաղաքական ազդեցությունների, բայց ընթացակարգեր, անկախության ավելի մեծ երաշխիքներ կան, այդ իսկ պատճառով այս ատյաններում ակնկալիքներն ավելի մեծ են։ Սրանում համոզվեցինք, երբ կառավարությունը միջպետական գանգատի շրջանակներում եվրոպական դատարան դիմեց Ադրբեջանի և Թուրքիայի դեմ (հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության համատեքստում առաջին անգամ էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ ներկայացնում, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պահանջվում էր պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալու ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը -Ռ. Խ.)։ Ի տարբերություն քաղաքականի, իրավական ատյաններն ավելի արդյունավետ գործեցին։ Քաղաքական կառույցների շրջանում կա դիմադրություն, իրերն իրենց անուններով կոչելու, արձագանքելու անպատրաստակամություն, բայց վստահ եմ, եթե արտաքին հարաբերություններում քաղաքական ճիշտ աշխատանք տարվի, հնարավոր է այս դիմադրությունը ճեղքել ու հաջողությունների հասնել։ Որքան էլ միջավայրը մեզ համար բարենպաստ չէ, հնարավոր է հաջողություն արձանագրել կազմակերպված աշխատանքի և ճիշտ մարդկանց միջոցով։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում