Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ՖԲ էջում գրում է.
Պատերազմի էս ծանր օրերին շատ ենք ուզում, որ մեր ցանկությունները/սպասումները իրականություն դարնան: Ու բոլոր ցանկությունների նպատակը մեկն է՝ արագ ջախջախել թշնամուն, նրան խաղաղություն պարտադրել: Ցանկություններից/սպասումներից մեկը Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացումն է: Իբր ադրբեջանցիները ուշ թե շուտ կիմանան իրական կորուստների մասին, կհասկանան, որ իշխանությունը իրենց խաբում է, բողոքների դուրս կգան, ազգային փոքրամասնությունները կապստամբեն, զանգվածային դասալքություն կսկսվի բանակում եւ այլն: Վատ չէր լինի, ու այդպիսի զարգացումները մի գուցե բացառված չեն: Բայց պատմությունը մեզ այլ իրականություն է մատուցում. բռնապետությունները շատ հաճախ ազգային կոնսենսուս են ծնում, ու այդ կոնսենսուսի շնորհիվ շատ երկար գոյատեւում են:
Ումբերտո Էկոն մի առիթով նկատել էր, որ ֆաշիզմը Մուսոլինիի իշխանության հաստատումը չէր 40 միլիոն իտալացիների նկատմամբ, այլ իշխանության ու ժողովրդի երկարամյա կոնսենսուսի արդյունք էր:
Ադրբեջանում նույնն է՝ բնակչությունը համախմբված է իշխանության շուրջ «Ղարաբաղի ազատագրման», «պատմական արդարության» վերականգման համար, ինչը դարձել է ազերիների ազգային ինքնության կարեւրագույն խթանիչներից մեկը: Եթե նկատել եք, նույնիսկ Ալիեվի ռեժիմի կոշտ քննադատները, այլախոհները, անտարբերները դարձել են «սրբազան» պատերազմի դրոշակակիրներ:
Ու այստեղ ոչ մի դեր չի խաղում Իլհամ Ալիեվի անվերջ ստախոսությունը. ժողովրդին ուղղված ճառերում, հարցազրույցներում, Թվիթերում, բանակցությունների ընթացքում: Ստախոսությունը խոսքով, մարմնի լեզվով, հայացքով: Ինչը մեզ պարբերաար զարմացնում/զայրացնում է, ու հույս է տալիս, որ մի պայծառ օր առաջադեմ ադրբեջանական հասարակությունը կբախվի դառը իրականության հետ ու կըմբոստանա Բաքվի բռնակալին: Կարծում եմ, եթե վերընթերցենք «1000 ու մի գիշերը», մենք ամենայն ճշգրտությամբ կկարողանանք համադրել Ալիեվի խաբեության բովանդակային հմտությունները Շահրեզադի հմտությունների հետ (Восток – дело тонкое): Հիշում եք չէ՞. Շահրազադը ամեն գիշեր պատմելով արքային անվերջ հեքիաթի մի կտոր, կարողացավ ողջ առողջ մնալ 1000 ու մի գիշեր, այսինքն համարյա 3 տարի: Որովհետեւ, արքան հավատում էր այդ հեքիաթներին եւ անհամբեր սպասում էր հաջորդ գիշերվա: Նույն արքայի դերում այսօր ադրբեջանցիներն են, որոնք պատրաստ են լսել անվերջ հեքիաթը: Ադրբեջանական այսօրվա կոնսենսուսը խարսխված է նաեւ ստի եւ այդ սուտը լսելու ցանկության վրա:
Սա ասում եմ, որովհետեւ, համոզված եմ, որ տարբեր տեսակի երազանք-ցանկությունները (ավելի օրիգինալները կան. հրդեհները Թուրքիայի կեսը դժոխքի կվերածեն, Կասպից ծովի ալիքները Բաքվի նավթարդյունաբերությունը կկործանեն, հեղափոխությունը հայասեր իշխանություն կհաստատի հարեւան երկրում…) փափուկ բարձ են մեր տակ դնում:
Ուստի, երազանքների գիրկը չընկնել, Աստծո մանանային չսպասել, կռվել, պայքարել, բռունցքվել հանուն հաղթանակի: Այլընտրանք չունենք:
P.S. Ի միջիայլոց, «1000 ու մի գիշեր»-ի հատվածները առաջին անգամ թարգմանվել են արաբերենից հենց հայերեն, 10-րդ դարում…