Փորձեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանից պարզել՝ ի՞նչ են ենթադրում այդ վերահսկման կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, դրանք կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ սահմանին լարվածության թուլացման վրա:
Պատգամավորը պարզաբանեց, որ ընդհանրապես նման տարբեր ձեւաչափեր կան աշխարհում, ամենատարբեր նման առաքելություններ կան:
Թե Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում ինչ ձեւաչափ կընտրվի՝ քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ կախված է կոնկրետ իրավիճակից, կողմերի համաձայնությունից, նաեւ նրանից, թե առաջարկող կողմը ինչ է պատրաստ անել:
«Ընդհանուր առմամբ սա ստանդարտ մոտեցում է. ցանկացած հրադադարի, ցանկացած զինադադարի ժամանակ անհրաժեշտ են ինչ-որ վերիֆիկացիայի մեխանիզմներ: Այնպես որ պարզ է, որ այստեղ էլ դա պետք է լիներ, իսկ թե ավելի կոնկրետ ինչ տեսք կունենա, դա արդեն բանակցությունների եւ իրավիճակի հետեւանք է լինելու»,- ընդգծեց պատգամավորը: Հարցին՝ այդ մեխանիզմները ի՞նչ կարող են փոխել լարվածության թուլացման հարցում, Զոլյանը պատասխանեց, որ փորձը ցույց է տալիս, որ միայն դրանք երբեք բավարար չեն լինում զինադադարը կամ հրադադարը պահպանելու համար:
Կարդացեք նաև
«Այսինքն` կարևորը ռազմական իրավիճակն է եւ կողմերի պատրաստակամությունը՝ զինադադարը պահպանելու: Այս իմաստով ես կուզեի մեր հասարակությանը կոչ անել, որ դա գիտակցեն եւ հասկանան, որ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հրադադարի համար»,- շեշտեց նա:
Պատգամավորին խնդրեցինք գոնե մի օրինակ ասել նման ձեւաչափի կիրառման կամ պարզաբանել՝ արդյոք խոսքը միջազգային դիտորդների մասի՞ն է:
«Սովորաբար լինում է ինչ-որ դիտորդների առաքելություն, որը նաեւ տեխնիկապես որոշակի զինվածություն ունի, սարքերով հետեւում է իրավիճակին, աշխատում կողմերի հետ, ըստ իրավիճակի որոշակի ֆունկցիաներ կատարում: Բայց ամեն դեպքում, եթե ձեր հարցի իմաստն այն է, թե խոսքն արդյոք խաղաղապահների մասին է, կասեմ, որ խաղաղապահները ուրիշ ձեւաչափ է»,- պարզաբանեց պատգամավորը:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում