«Հարավային եւ հյուսիսային ուղղությամբ այսօր հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ մեկ-երկու գրոհից հետո հետ է շպրտվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ներկայացնելով իրավիճակն արցախյան ռազմաճակատում՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը տեւական ժամանակ շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ չեն ունեցել: Մարտերի ուժգնությունն այս պահի դրությամբ որոշակիորեն թուլացել է»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: Լրագրողներից հետաքրքրվեցին՝ քանի որ հակառակորդը չի ցանկանում իր զինվորների դիերը տարհանել, գուցե դրանք հուղարկավորվե՞ն, որպեսզի խուսափենք էկոլոգիական խնդրից:
«Շատ դեպքերում դիերը միջդիրքային տարածությունում են կամ դիրքերի առաջ: Նման բանով զբաղվելու համար անվտանգ միջավայր է պետք: Ընդ որում, մենք հստակ պայման ենք դրել՝ միջազգային դիտորդների ներկայություն, այլապես մոտենալ չես կարող, կհայտնվես կրակագոտում: Նման խնդիրներ կան»,-պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե Սյունիքի ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ այսօր նկատվել է, թե ոչ, Հովհաննիսյանը նշեց՝ Սյունիքի ուղղությամբ ԱԹՍ-ի մասին տեղեկության արձանագրում չի եղել, բայց մարտական գործողություններն ինտենսիվ են, ուստի պետք չէ կոնկրետ մարզեր նշել:
Արծրուն Հովհաննիսյան անդրադառնալով այն փաստին, որ սփյուռքի հայրենակիցներն իրեն շատ են դիմում բանակին օգնելու պատրաստակամությամբ՝ շեշտեց. «Դաժան ու սաստիկ պատերազմ է, ուստի բոլորի ներդրումը կարեւոր է. պետք է գումար նվիրաբերել «Հայաստան համահայկական հիմնադրամին» եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Յուրաքանչյուրն ամեն օր իրեն պետք է հարցնի, թե ինչ է արել բանակի համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ