Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիրիժորական պուլտի առաջ կանգնած ամազոնուհուց» մինչեւ հայուհիներ

Հոկտեմբեր 19,2020 20:20

Կին դիրիժորներն ու խմբավարները վաղուց էկզոտիկ էակներ չեն ընկալվում, որովհետեւ կարողանում են նույնքան հաջողությամբ ղեկավարել նվագախմբերն ու երգչախմբերը ու փառք բերել իրենց երկրներին, ինչպես իրենց տղամարդ գործընկերները: Կոնտրաբասահար, թմբկահար, դուդուկահար, տրոմբոնահար եւ այլ երաժշտական գործիքներ նվագող կանայք վաղուց չեն զարմացնում: Ժամանակին նույնիսկ մի հոդված էր հրապարակվել, թե իգական սեռի դիրիժորը հանելուկ է մնում բանասերների համար, որովհետեւ երկընտրանք կա՝ կին դիրիժոր, թե դիրիժորուհի ձեւակերպումների միջեւ: Միաժամանակ փաստվում է, որ աշխարհում աճում է առաջին հայացքից «ոչ կանացի» թվացող  գործունեություն ծավալող «թույլ սեռի» ներկայացուցիչների թիվը: Եվ եթե կին զինվորականների թիվն է աճում, ուրեմն ինչո՞ւ պետք է կին խմբավարների ու դիրիժորների թիվը չավելանա:

Սիմոնա Յանգ, Գլորիա Իսաբել Ռամոս, Մարիա Էկլունդ, Մարին Օլսոպ, Միրգա Գրանիժիտե-Տիլա, Կարինա Կանելակիս… շարքը կարելի է շարունակել:

Քսենյա Ժարկո

Օրինակ, Քսենյա Ժարկոն հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է աշխարհում միակ Կանացի սիմֆոնիկ նվագախմբի: Նա իբրեւ հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Ռուսաստանում, Կոլումբիայում, Կորեայում, Չինաստանում եւ այլուր: «Կանացի նվագախումբ ստեղծելու գաղափարը վաղուց էր հանդիսացել, որովհետեւ կանայք հաջողակ են բազմաթիվ այլ ոլորտներում, այնպես որ նման նվագախմբի ստեղծումը շատ տեղին էր»,- մի հարցազրույցում նշել է Քսենյան, որին որակել են ամազոնուհի՝ դիրիժորական պուլտի առաջ: Քսենյայի հիմնադրած նվագախմբի կազմում են առաջատար երաժշտական բուհերի 70 շրջանավարտներ:

Նվարդ Անդրեասյան

Համաշխարհային անուններից ու օտարերկրացիների հետ չեն մնում հայուհիները: Մի շարք նվագախմբեր ղեկավարած դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, որը ծնվել է Պոլսում, ապրել եւ ստեղծագործել Ֆրանսիայում, ներկայումս էլ հաստատվել է Հայաստանում եւ ազգանվեր գործունեություն է ծավալել:

Նատալի Գալստյան

Դիրիժոր, խմբավար Նատալի Գալստյանը նույնպես հայտնի է ոչ միայն մասնագիտական շրջանակներին, նա 2009 թվականին հիմնադրել է «DOMINATUS» vox նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է եղել, հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, աշխատել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում եւ երգչախմբում, բազմաթիվ համերգներով հանդես է եկել տարբեր քաղաքներում: Ամենաթարմը նրա նախաձեռնությամբ իրականացված «Միացեք` մի երգ, մի զարկ դառնանք» կոչով յուրօրինակ միջոցառումն էր, որին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ իր ղեկավարությամբ եւ երգչախումբը՝ խմբավար՝ Գայանե Սահակյանի ղեկավարությամբ։

Սոնա Հովհաննիսյան

Ճանաչված խմբավար, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր եւ ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին առանձնապես ներկայացնելու հարկ չկա: Նա «Հովերի» հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում եւ այլուր: «Հովերի» ելույթները կայացել են աշխարհի հեղինակավոր դահլիճներում՝ իտալական Teatro Dal Verme-ից մինչեւ ամերիկյան Քարնեգի Հոլ: Պենդերեցկու,Կանչելիի և մի շարք այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովերի» կատարումներն արժանացել են բարձր գնահատականների, «Հովեր» կամերային երգչախումբը համերգներով հանդես է եկել այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, որոնց թվում են՝ Կրեմերը, Մուստոնեն,Գերինգասը եւ ուրիշներ։

Կարինե Առաքելյան

Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Կարինե Առաքելյանն անշուշտ աստվածահաճո գործ է անում, որը ոչ միշտ է լայնորեն լուսաբանվում: Նա եղել է Դավիթ Զալյանի առաջին ուսանողներից մեկը: Ինչ վերաբերվում է Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցին, վերջինիս շրջանավարտներն արդեն հայտնի անուններ են,Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ՝ Արծվիկ Դեմուրչյան, Վարդուհի Խաչատրյան, Սյուզաննա Մելքոնյանը, Սարգիս Աղամալյան եւ այլք: Խմբավար Կարինե Առաքելյանի ճանապարհով է գնացել նաեւ նրա դուստրը՝ Էմմա Առաքելյանը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հովեր երգչախմբի լուսանկարը՝ Կամերային երաժշտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից, Կարինե եւ Էմմա Առաքելյանի լուսանկարը՝ Կարինե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031