Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշեցի դեկտեմբերի 7-ը, այդ դղրդյունն ու այդ ահավոր ձայները». Արցախից Լոռի եկած կինը տուն վերադառնալու ժամերն է հաշվում

Հոկտեմբեր 19,2020 19:55

Ծնունդով լոռեցի Նարինե Եղյանն արդեն 20 տարի է ինչ բնակություն է հաստատել Արցախում: Տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ամուսնանալու ու ընտանիք կազմելու պատճառը կրկին պատերազմն է եղել: Արցախյան ազատամարտից հետո, Նարինեի հորաքույրը որոշել է ընտանիքով տեղափոխվել Արցախ: Օրերից մի օր էլ Նարինեն է հորաքրոջը հյուր գնում, այստեղ էլ հանդիպում է ապագա ամուսնուն. «Հորքուրս ու ամուսինս միասին էին աշխատում: Այնտեղ ծանոթացանք, հետո ես եկա Վանաձոր, ինքն էլ իմ հետեւից»,- պատմում է Նարինեն: Վերադառնում են Արցախ, Ասկերան քաղաքում տուն ու տեղ են ստեղծում, ընտանիք կազմում:

Իսկ 22 օր առաջ, Նարինեն ընտանիքի ու ընկերուհու հետ ստիպված վերադարձավ հայրական տուն՝ Գուգարք գյուղ: Պատերազմն էր սկսվել… «Նախորդ օրը տեգորս աղջկա նշանդրեքն էր: Նշանից հետո, հոգնած, կերած-խմած, ուրախացած, առավոտյան ես ու ամուսինս արթնացել էինք, երեխեքը դեռ քնած էին, հյուրերն էլ մեր տանն էին: Մենք էլ պետք է գնային այգի նուռ ու կառալյոկ քաղելու, բայց 7:20 էդ ահավոր դղրդոցը լսվեց,- հիշում է Նարինեն:

1988 թվականի երկրաշարժ տեսած կնոջ համար, ցանկացած ուժգին ձայն հիշեցնում էր այդ օրերը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան հնչած պայթյունի ձայները նույնպես դա հիշեցրեց. «Ահավոր դղրդոց էր… ճիշտ է ինչքան կարողացանք մեզ պահեցինք, որ խուճապի չմատնվենք, բայց ամեն դեպքում… հիշեցի դեկտեմբերի 7-ը, այդ դղրդյունն ու այդ ահավոր ձայները»:

Նարինեի ընտանիքի անդամներն էլ այս օրերին գտնվում են սահմանում. «Տեգորս տղան է վիրավորվել, հիվանդանոցում է, բայց, որ նայում ենք մյուսներին, ասում ենք՝ փառք Աստծո, որ մեր երեխան գոնե մեզ հետ է: Ամուսինս էլ եկավ մեզ տեսավ ու նորից հետ է գնում»,- ասում է երիտասարդ կինն ու հավելում, որ տուն վերադառնալու ժամերն է հաշվում. «Եթե կարողանամ համոզեմ, ես էլ եմ ուզում գնամ: Մի ամբողջ կյանք է այնտեղ անցել: Ես էլ եմ ուզում գնամ, թեկուզ մի հատ գնամ տեսնեմ ինչ կա-չկա ու գամ: Ձգում է, դե ամեն մարդ իր տունն ու իր դրածն է ուզում: Երբեմն ասում եմ՝ թող ամեն ինչ փլվեր, կկառուցեինք, մենակ թե այդ երեխաները չզոհվեին: Բոլորս էլ մայր ենք, դա բոլորիս ցավն է: Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, մեր հաղթանակին էլ հավատում եմ, եթե չհավատանք, ուրեմն էլ չկանք, իսկ եթե կանք, ուրեմն պետք է մինչեւ վերջ հավատանք: Երեխեք ջան պինդ մնացեք եւ ուժեղ եղեք, մենք հաղթելու ենք, թուրքն ո՞ւմ շունն է, որ մեզ հաղթի, մենք անպայման ենք հաղթելու»:

Նարինեի հետ Լոռի է եկել նաեւ ընկերուհին՝ Լիլիթը: Ընտանիքի մյուս անդամներին ուղարկել, սակայն հայրենի հող ու ջրին հավատարիմ է մնացել ընտանիքի մեծը: Լիլիթի սկեսրայրը մնացել է Արցախում, տուն-տեղն ու տնտեսությանն է հետեւում: Իսկ Լիլիթը 3 երեխաների հետ օրերն են հաշվում, թե երբ են վերադառնալու տուն. «Մեր տարիների աշխատանքը, մեր ստեղծածն այնտեղ է, մենք այստեղ ոչ մի բան չունենք: Սպասում ենք, թե երբ պետք է հետ գնանք: Ճիշտ է, բարեկամի տանն ենք, մեզ լավ ընդունում են, հարգում են, բայց մեր տունը, մեր անկողինն ուրիշ է»,- ասում է Լիլիթն ու վստահեցնում, որ մեր զինվորների հաղթանակին ու իրենց հետ գնալուն շատ քիչ ժամանակ է մնացել. «Դեռ քնած էինք, որ դղրդյուն լսվեց, միանգամից դուրս թռանք ու շտապեցինք ապաստարան: Դիրքերում ծառայողներ ունեինք, հետո զանգեցինք ու իմացանք, որ թուրքերն են հարձակվել: Մինչեւ ժամը 4-ը մնացինք այդտեղ, գիշերը 2:30 հասանք Վանաձոր: Պապաս էլ է կռվի մասնակից եղել, վիրավոր է: Ասում է, որ սա էն վախտվա կռիվը չի: Հիմա եղբայրս էլ է առաջնագծում, տալերիս ամուսինները, խոսում ենք հետները, փառք Աստծո ողջ են: Մենք էլ ենք հաղթելու, հավատում եմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031