Պարոն Նավասարդյանը գտնում է, որ այդ հարաբերությունները ժամանակավոր են եւ ունեն մարտավարական բնույթ
Ուկրաինա-Թուրքիա վերջին օրերին հայտարարված ռազմա-քաղաքական համագործակցությունը ժամանակավոր է։ Այս կարծիքին է Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս այցելել էր Թուրքիա։ Բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է․«Թուրքիան չի ճանաչում եւ չի ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը։ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը, ինչպես նաեւ երկրի քաղաքական միասնությունը»։ Այս երկու երկրների ղեկավարները հաստատել են Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի հետ կնքված փաստաթղթերի փաթեթը թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս ուկրաինական պաշտպանության հետ մասնակցել հեռանկարային սպառազինության եւ մարտական տեխնիկայի արտադրությանն ու մշակմանը:
Կարդացեք նաև
Զելենսկին Անկարայում հայտարարել էր, որ Կիեւը հույս ունի համագործակցել սեւծովյան գործընկերոջ հետ ՀՕՊ համակարգի զարգացման, ԱԹՍ-ների եւ նավերի արտադրման հարցում։
Այս երկու երկրների համագործակցության մասին Բորիս Նավասարդյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ պաշտոնական մակարդակով ակնհայտ էր, որ Ուկրաինայի վարքագիծն այդպիսին կլինի, որովհետեւ տվյալ պահին Ուկրաինայի հիմնական խնդիրը մնում է Ռուսաստանը, եւ այդ խնդրի լուծման համար ցանկացած գործընկեր, որը կարող է աջակից լինել, Ուկրաինան ողջունում է։ Այդ դերում հիմա հայտնվեց Թուրքիան։
«Ես կարծում եմ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, եւ ընդհանրապես, այսօրվա հավակնությունները, պետք է բոլորի համար ապացույց լինեն, որ ինքը չի կարող լինել այն գործընկերը, որը որեւէ երկրի զարգացման համար կարող է երաշխավոր կամ աջակից լինել, եւ որ ոմանք շարունակում են Թուրքիան դիտարկել որպես մի երկիր, ինչպիսին էր քսան, տաս տարի առաջ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, որը հավակնում է ԵՄ անդամ դառնալ, եւ կարող է նույն աշխարհաքաղաքական կողմնորոշումն ունեցող երկրների համար լինել արդյունավետ գործընկեր։ Սակայն Թուրքիան այլեւս այդպիսին չէ․ ունի բազմաթիվ հակասություններ հենց ՆԱՏՕ-ի հետ, Թուրքիան արդեն ոչ թե ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, այլ անում է ամեն ինչ, որպեսզի ԵՄ-ն կազմաքանդվի՝ որպես աշխարհաքաղաքական միավոր»,-նշեց պարոն Նավասարդյանը։ Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի հետ հեռանկարային հարաբերություններ Ուկրաինան էլ չի կարող ունենալ․«Ես գնահատում եմ այս մերձեցումը որպես ժամանակավոր եւ մարտավարական մերձեցում, որի շնորհիվ Ուկրաինան ֆինանսական ինչ-որ աջակցություն ստացավ։ Բայց Ուկրաինայում նրանք, ովքեր քաղաքական հոտառություն ունեն եւ ունակ են վերլուծել զարգացումները՝ Թուրքիայի հետ համագործակցության որեւէ հեռահար հույսեր չեն փայփայում»։
Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանը պետք է հանգիստ վերաբերվի թուրք-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը՝ որպես ժամանակավոր եւ մարտավարական բնույթ ունեցող․«Ամեն դեպքում, ես կոչ կանեի մեր հայրենակիցներին չդիտարկել Ուկրաինան որպես ոչ բարեկամ երկիր, մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ հետագայում Ուկրաինայի հետ կառուցել գործընկերային հարաբերություններ՝ տարբեր ուղղություններով, եւ կարծում եմ, այդպես էլ կլինի»։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտում հավակնություններին, պարոն Նավասարդյանը գտնում է՝ մենք Ուկրաինայի պաշտոնյաներից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները որեւէ այլ երկրի դեմ ուղղված չէ, նույնիսկ այս ռազմատեխնիկական համագործակցությունն ունի ժամանակավոր բնույթ.«Ուկրաինան վերազինման խնդիր ունի, ֆինանսական խնդիրներ ունի, եւ եթե այս պահին կարող է ինչ-որ օգուտ ստանալ Թուրքիայից, փորձում է ստանալ։ Դա, իհարկե, սիրուն չէ, մանավանդ էրդողանին շքանշան տալը, դա զավեշտ է (իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան (Իշխան Յարոսլավ Իմաստունը պատմության մեջ հայտնի է որպես թյուրքական ցեղերի արշավանքի դեմ պայքարող, 1036 թվականին հաղթել է թյուրքական ցեղերին եւ ազատագրել Կիեւյան Ռուսը նրանց արշավանքներից․ Ն․Բ) ։ Ուկրաինայի հասարակության մեծ մասը դա հասկանում է։ Սակայն, հեռանկարային կտրվածքով, համոզված եմ՝ Ուկրաինայի հարաբերությունները Թուրքիայի հետ կզարգանան այնպես, ինչպես Թուրքիայի հետ զարգանալու են ԵՄ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունները։ Իսկ նրանք, ինչպես մենք կարող ենք հասկանալ, համենայն դեպս, մինչեւ այնտեղ Էրդողանի քաղաքականությունն է, չի կարող բարելավվել, ընդամենը վատանալու միտում ունի, եւ վաղ, թե՝ ուշ Ուկրաինան, որը հստակ եվրոպական կողմնորոշում ունի, կդառնա այդ ընդհանուր Եվրոպական քաղաքականության մի մասը, եւ նույն քաղաքականությունը կվարի Թուրքիայի նկատմամբ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ