Պատերազմի գույժը լսելուն պես՝ հայրենիքը պաշտպանելու էին շտապել Շիրակի մարզի Բասեն համայնքի տղամարդիկ՝ երիտասարդ, թե տարեց։ Պատերազմի դաշտ էր մեկնել ինչպես համայնքի վարչական ղեկավարն, այնպես էլ գյուղի դարբինը, հովիվն, անգամ ՌԴ քաղաքացիություն ունեցող բասենցիները։
Վերջիններս մեծ ոգևորությամբ էին մեկնել ռազմի դաշտ, նույնիսկ ոմանք թաքցրել էին իրենց հիվանդությունը։ Ռազմաճակատ մեկնածների թիվը մոտ 60 էր, նրանցից հինգը, ցավոք, նահատակվեցին։ Անմահացել են երեք երիտասարդներ՝ 22-ամյա Գևորգ Կանդալյանը, 21-ամյա Դավիթ Ղազարյանը, որը սպորտսմեն էր, Մարտին Ներսիսյանը, գյուղի դարբինը՝ Պերճ Անտոնյանը, որը չորս երեխաների հայր էր, 37-ամյա հովիվը՝ Արկադի Բաղդասարյանը։ Նա էլ երեք երեխաների հայր էր։
Այսօր գյուղի դպրոցում վերջին հրաժեշտ էին տալիս նրանց։ Ի դեպ, Բասեն գյուղի խաչը, որն անմահություն է խորհրդանշում, նահատակված Պերճ Անտոնյանի ձեռքի աշխատանքներից է (տես լուսանկարներում):
Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը մեր զրույցում ասաց․ «Այս տղաներից ամեն մեկը մի լույսի կտոր է, նրանք մեկը մյուսին հասնող, կարեկից մարդիկ են։ Բոլորս միասին գնացինք, ես այսօր գիշեր եմ հետ եկել, այսօր էլի հետ կգնամ, սկզբում 35 հոգով մեկնեցինք ռազմաճակատ, հետո մեր կամավորները եկան, թիվն ավելացան։
Կարդացեք նաև
Մեր գյուղի 1700 բնակչից 60-ը գնացին հայրենիք պաշտպանելու, բոլորն էլ առաջնագծում են, բոլորն էլ պատրաստ են իրենց սուրբ պարտքը կատարել հայրենիքի հանդեպ։ Գնալուց բոլորն էլ ուրախ էին, նույնիսկ մարդկանց հորդորել ենք՝ հետ գնալ, ոչ մեկը հետ չի դարձել։
Անտոյան Պերճը չորս երեխա ունի, խնդրել ենք, թե հետ գնա, ասեց՝ ո՛չ, ես որոշել եմ գալու, մինչև վերջ պայքարելու եմ։ Բոլորը մի երազանք ունեին՝ հայրենիքի փրկություն, բոլորն իրենց անձնականը թողեցին գյուղում, մեկնեցին մի գաղափարի համար։ Երիտասարդներից մեկն առողջական խնդիր ուներ, բայց իր երիտասարդական ավյունը, հայրենիքի նկատմամբ սերը թույլ չտվեց իր ընկերներից որևէ մեկից հետ մնալ։ Ցավոք, հավերժացան»,-ասաց գյուղապետը։
ՌԴ-ից հայրենիքի պաշտպանության համար վերադարձած, ՌԴ քաղաքացի Իգարիկ Ավագյանն էլ պատմեց․ «Ռազմաճակատ մեկնեցինք մեծ ոգևորությամբ՝ առանց վախի, նույնիսկ երեխա կար, օրինակ՝ Սարիկը, որի վրա քաշ էլ չկա, 40 կիլոգրամ, մեշոկը իրենից ծանր էր, բայց տեսնեիք ուրախությունը։ Բոլորն էլ լավ տրամադրված են, դուխով։ Մենք բոլորս գիտակցում էինք՝ ուր ենք գնում, ինչ նպատակով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ