Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական ընկերներին հորդորում էր՝ ուժեղ կռվեն, որ «շուտ պրծնի պատերազմը»

Հոկտեմբեր 19,2020 16:10

Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, քաջարանցի Խաչատուր Խաչատրյանը պիտի նշեր ծննդյան 38-րդ ամյակը։ Մարտական ընկերներին հորդորում էր՝ ուժեղ կռվեն, որ «շուտ պրծնի պատերազմը, որ կարան մի երկու բաժակ պեն խմին»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էլեկտրիկ էր աշխատում։ Բազմազավակ ընտանիքից էր, 8 երեխա են՝ 3 եղբայր, 5 քույր։ Երեք եղբայրները Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեցին եւ մեկնեցին առաջնագիծ։ Մի քանի օր հետո Խաչատուրը իջավ՝ հանգստանալու, բայց միայն մի քանի ժամ կարողացավ մնալ տանը։

«Ասաց՝ խի՞ պիտի երկու եղբայրներս առաջնագծում լինեն, ես չէ»,–պատմում է Խաչատուրի բարեկամը՝ Արամ Ոսկանյանը, որը չգիտի ինչ բառերով նկարագրի զոհված հայորդուն։ «Սիրտս կանգնում ա, ոնց որ Խաչիկը էս աշխարհից չլիներ, այլմոլորակային լիներ։ Բոլորին հասնող, սաղի համար գործ կաներ՝ փողը չէր վերցնում, ոսկի մարդ, մեծատառով մարդ»,–ասում է Արամը։
Խաչատուրը երեք երեխա ունի․ աղջիկը՝ Լիլիթը 13 տարեկան է, տղաները՝Հարությունը երկու եւ Տիգրանը՝ չորս։ Պատմում են, որ Խաչատուրն էլ էր ուզում բազմազավակ ընտանիք ունենալ։ Կնոջը՝ Գայանեին ասում էր, որ երեք զավակով «չի պրծնի, ինքը պիտի բազմազավակ պապա լինի»։ Երեւի հենց դրա համար հարեւանի երեխաներին իրենն էր համարում։ «Ասում էր՝ եկաց պապուդ հետե մի բաժակ կոֆե տիր։ Տարբերություն չէր դնում մեր ու իր երեխաների միջեւ։ Հիմա չգիտեմ, ո՞նց եմ պատասխանելու իմ փոքր եղբայրների՝ նրա երկու տղաների անվերջ հարցերին»,–մեզ հետ զրույցում ասաց հարեւանուհին՝ 15-ամյա Անահիտը։

Կատերինայի ականջներում դեռ սիրելի քեռու՝ Խչոյի ծիծաղի ձայն է։ «Չեմ հավատում, որ չկա քեռիս, կարծես ինչպես միշտ հարցնում է՝ քեռու բալա, հունց ըս։ Ո՞նց պիտի լինեմ։ Արցունքն աչքիս ցամաքում է»,–ասաց Կատերինան։ Վերջինս հիշում է, որ այս ամառ՝ Երեւանում, քեռին փողոցում նկատելով մի ջութակահարի, մոտեցավ, գումար տվեց։ «Ասաց՝ ջութակդ տուր, մի քիչ ես քեզ օգնեմ, դու գնա հանգստացիր, մի բան կեր։ Ու կես ժամում իր նվագով բավականին գումար աշխատեց»,–հիշում է քրոջ դուստրը։


Հարեւանները, բարեկամներն ու ընկերները իրար հերթ չտալով պատմում են Խաչատուրի մասին։ Հուշեր, որ այսուհետ ավելի թանկ են դառնալու եւ երբեք չեն մոռացվելու։ Իսկ ամենակարեւորը՝ նրանք միշտ առաջնորդվելու են իրենց սիրելի Խչոյի սիրած ավանդական խոսքով․ «Վախեք ոչ, դուխավ, ձեր ցավը տանեմ ես․․․»


Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031