«Անջատում հանուն փրկության» գաղափարը՝ remedial secession, նույն ինքնորոշման իրականացման ամենածայրաստիճան ձև-եղանակն է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում պարզաբանեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը:
Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ անջատում վաղուց արդեն տեղի է ունեցել, ընդ որում դա տեղի է ունեցել Խորհրդային Միությունից. «Փաստ, որ երբեք ԼՂ-ը, Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սա կարևոր արձանագրում է: Սակայն հիմնական իմաստն, այն է` այս անջատում հանուն փրկության սկզբունքի, որ նախևառաջ այս պահի դրությամբ մենք ունենք ռեալ վտանգ, որ ակնհայտ դրսևորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի միջոցով, որի նպատակն է ակնհայտորեն օկուպացնել ու գրավել Արցախը, եթե ոչ ավելին: Նույն սկզբունքը միջազգային իրավունքով կանխում է այդ ճանապարհով գնալու ճանապարհը, որովհետև դրանով ուղարկվում է հստակ ուղերձ, որ հետդարձի ճանապարհ չկա: Չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան անջատում հանուն փրկության սկզբունքը, և այդ իրավունքի փաստումն այս փուլում կարևոր է, որ շեշտվի հետդարձի կամ հնարավոր հիպոթետիկ միավորման գաղափարի անթույլատրելիությունը և անտրամաբանականությունը: Եթե դա լինի հանկարծ, դա հանգեցնելու է միջազգային իրավունքի հիմնաքարային սկզբունքի խախտման: Չի կարելի միավորել մի միավոր ռասիստական ռեժիմի հետ, տարիներ շարունակ ռասիստական ռեժիմի վերածված, ռասիստական նպատակներ իրականացնող մի միավորի հետ: Դա կարևոր արձանագրում է»:
Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ դա միջազգային հանրության համար ընդունելի գաղափար է և բերեց Կոսովոյի օրինակը. «Կոսովոյի անկախացման գործընթացի հիմքում հենց դրված էր անջատում հանուն փրկության գաղափարը: Դա ճանաչվել էր շատ պետությունների կողմից: Եթե ուսումնասիրեք Կոսովոյի անկախության հռչակագրի իրավականության հետ կապված՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության տրման ընթացքը, ուսումնասիրենք պետությունների կողմից տրված դիրքորոշումը, բազմաթիվ պետություններ՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները, ՌԴ-ն, շատ երկրներ ընդունում են այս կոնցեպտի իրավական առկայությունը և հիմնավոր առկայությունը միջազգային իրավունքում: Կանադան, որի ներպետական գերագույն դատարանի որոշումներից մեկում էլ այս սկզբունքի մասին արձանագրված է՝ Քվեբեկին վերաբերող գործը: Խոսքը հենց ինքնորոշման մասին է: Ինքնորոշումը լայն կոնցեպտ է ներառում՝ որևէ միավորի ներսում ինքնորոշում ընդհուպ մինչև անկախացում կամ միացում այլ միավորի: Բուն տրամաբանության մասին փաստում ենք այն հանգամանք, որ միակ ճանապարհը դա է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ