Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին

Հոկտեմբեր 19,2020 15:08

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մասին որոշումը դատարանը կհրապարակի հոկտեմբերի 22-ին 16։30-ին։

Այս մասին միջնորդության քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասացին Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամները։

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։ Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»։  Գագիկ Ծառուկյանի պաշտպանները գրավ կիրառելու մասին միջնորդությունը համարում են ամբողջովին հիմնավորված՝ և՛ իրավական, և՛ փաստական, և՛ բարոյական տեսանկյունից։

Պաշտպանների խոսքով, այժմ, ի տարբերություն նախկին տարիների, օրենսդրությունը փոխվել է, և գրավն առանձին խափանման միջոց է։ Նախկինում այն կալանքին այլընտրանքային խափանման միջոց էր։  «Հիմա նախաքննության մարմինը մեզ երբևէ գրավի առաջարկ չի արել, դատարան է մտել միանգամից կալանքի միջնորդությամբ։ Դրա համար էլ մեր բոլոր փաստարկները եղել են կալանքի դեմ։ Իսկ հիմա մենք իրացնում ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Սահմանադրությամբ ամրագրված՝ երաշխիքի ներկայացման ազատության իրավունքը։ Այս տեսանկյունից ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Թե՛ նախաքննության, թե՛ դատական քննության փուլում մեղադրող կողմը ոչ մի փաստական հանգամանք չի ներկայացրել, որը կհաստատի Գագիկ Ծառուկյանի՝ գործի քննությունը խոչընդոտելը։ Ներկայացվել են միայն ընդհանրական հանգամանքներ. կուսակցության ղեկավար է, ունի ֆինանսական հնարավորություններ, ունի կապեր, այսինքն` ոչ մի առարկայական փաստական հանգամանք։

Բայց գրավի հիմքում նույն տվյալները չեն կարող դրվել, գրավը պահանջում է խոչընդոտելու հանգամանք։ Այն, որ առկա է անձի նկատմամբ կալանք կիրառելու հիմք, դեռ բավարար չէ անձի նկատմամբ գրավ չկիրառելու համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

Ըստ պաշտպանների՝ եթե կալանքի հիմքը չկա, բնականաբար չի կարող նաև գրավ կիրառվել, սրանք փոխկապակցված երևույթներ են։
Ինչ վերաբերում է արարքի հանրային վտանգավորությանը, ապա պաշտպանները հիշեցնում են՝ իրենք բազմից են ասել, որ խոսքը միջին ծանրության հանցագործության մասին է, որի համար օրենսդրությունը սահմանում է տուգանք, կալանք և ազատազրկում։

Ըստ պաշտպանների, եթե արարքը շատ մեծ հանրային վտանգավորություն ունենար, ապա կդասվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների շարքին։

Պաշտոնական խմբի անդամների գնահատմամբ, եթե ուսումնասիրում ենք մեր նախադեպային իրավունքը, ապա չենք գտնում գեթ մեկ քրեական գործ, որտեղ այս հոդվածով կալանք կամ գրավ կիրառված լինի. «Միշտ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, որը ձևական խափանման միջոց է։ Իսկ ինչ վերաբերվում է պատժին, ապա երբեք ազատությունից զրկող պատիժ չի կիրառվել, միշտ տուգանք է կիրառվել։

Այս ենթադրյալ արարքն այսօր քրեաիրավական իմաստով կորցրել է իր հանրային վտանգավորությունը։ Չի կարելի այս հիմքով գրավ չկիրառել։

Ֆինանսական միջոցներ ունի, թող գրավ կիրառեն, եթե մարդը կխախտի գրավի պայմանները, թող դա դարձնեն պետության սեփականություն։ Բայց պետք է մարդուն հնարավորություն տալ էսօր լինելու քաղաքական ուժերի, իշխանության կողքին»։

Պաշտպանների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանն այն կարծիքին է, որ մենք ներսում խնդիր չունենք, ունենք մեկ ընդհանուր թշնամի, պետք է ամեն ինչ մի կողմ թողնենք ու միասին մեկ ճակատ դառնանք, որ կարողանանք մեր ազգը, մեր ժողովրդին, մեր պետականությունը փրկել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031