Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական զինված ուժերը ստիպել են վարձկաններին Հորադիզի շրջանում ակտիվորեն ձեռնարկել ռազմական գործողություններ, ստիպել կրել Ադրբեջանի զինուժի համազգեստ». դատախազ

Հոկտեմբեր 19,2020 15:03

«Հարուցել ենք քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է` ագրեսիվ պատերազմ սանձազերծելը, վարելը, նաև քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ այն է` զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու փաստով»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

Նա շեշտեց՝ ԱՀ-ի դեմ սանձազերծված պատերազմից երկու օր անց ադրբեջանական զինված ուժերը կրկին մասսայական հարձակում են գործել և թիրախավորել ՀՀ տարածքը՝ մասնավորապես Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի տարածքները: Այս առիթով դատախազն ասաց. «Հատկապես ցավալին այն է, որ թիրախ են դարձել խաղաղ բնակչությունը, ինչը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ անթույլատրելի է: Նրանք հանդիսանում են պաշտպանության ներքո գտնվող անձինք և անմիջական ռազմական գործողությունների չեն մասնակցում: Նշված փաստով ՀՀ զինդատախազի կողմից հարուցվել է առանձին քրեական գործ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, մարդասիրական իրավունքի խախտումներ թույլ տալու, պետության կողմից ստորադասին ակնհայտ ապօրինի  հրաման արձակելու փաստով»:

Արշակ Մարտիրոսյանն ասաց՝ ԱՀ խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, և պարզվել ու հիմնավորվել է, որ այդ գործողություններին մասնակցել են վարձկաններ, տարբեր խմբավորումների անդամներ, որոնք տեղափոխվել են Ադրբեջանի զինված ուժեր: Այս առիթով դատախազը մանրամասնեց. «Հոկտեմբերի 12-ին ժամը 00.00-ից, երբ հակառակորդը ստորագրել է պայմանավորվածություն հումանիտար հրադադարի, վերջինս խախտել է իր պարտավորությունները և հարկադրել այդ վարձկաններին շարունակել ակտիվ ռազմական գործողությունները ԱՀ դեմ: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ստիպել են վարձկաններին Հորադիզի շրջանում ակտիվորեն ձեռնարկել ռազմական գործողություններ, ընդ որում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ստիպել են կրել Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ՝ դրանով փորձելով թաքցնել նրանց»:

Հադրութ դիվերսիոն փորձի առիթով ևս հարուցվել է քրեական գործ. «Բոլոր փաստական հանգամանքների հիման վրա նաև առանձին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով. այն է` միջազգային ահաբեկչություն կատարելու փաստը: Նշված քրեական գործերով ներկայումս ընթանում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձևավորվել են ինչպես քննչական, այնպես էլ դատախազական խմբեր, որ բոլոր միջադեպերով հնարավորինս արդյունավետ իրավական արձագանք տրվի և առկա փաստական տվյալները հավաքվեն, որ հետագայում նաև ներկայացվեն միջազգային ատյաններում»:

Նա նաև նշեց՝ շեշտը դրվել է միջազգային ահաբեկչություն կատարելու նպատակի վրա ու պարզաբանեց. «Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, որով նախատեսված է միջազգային ահաբեկչությունը, հստակ նախատեսված են նպատակները: Հաշվի առնելով, որ նպատակներից մեկը օտարերկրյա պետության ներքին վիճակը ապակայունացնելն է, որը տվյալ դեպքում առկա է եղել և ապակայունացման նպատակով խաղաղ բնակչության վրա է հարձակում եղել՝ սպանություն, հրկիզում և այլ գործողություններ, հենց հրադադարից հետո տեղի ունեցած միջադեպի՝ նշված փաստերի առիթով մենք միջազգային ահաբեկչության վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031