«Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծած ահաբեկչական պատերազմը ազերաթուրքական խուժանի, Սիրիայից և Լիբիայից ու այլ երկրներից բերված ահաբեկչական խմբավորումների կողմից, առավել, քան երբևէ, պահանջում է մեզանից միավորում ու համախմբվածություն՝ Հայրենիքի համար ստեղծված այս օրհասական օրերին:
Երուսաղեմի միացյալ հանձնախումբն, որի մեջ ընդգրկված են Իսրայելում գործող բոլոր հայկական կուսակցություններն ու միություններն, ինչպես 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, կոչ է անում ողջ Իսրայելի հայերին համախմբվել ու կազմակերպել հզոր բողոքի ցույց, որն արտոնված է և տեղի է ունենալու Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց հինգշաբթի՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին: Ցույցին հրավիրվում են ոչ միայն հայերն, այլև բոլոր այն մարդիկ, որոնք անտարբեր չեն հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ ու պայքարում են մեզ հետ միասին՝ 21-րդ դարում հայոց երկրորդ ցեղասպանություն թույլ չտալու համար:
Մեր ժողովուրդը պահանջելու է Իսրայելից՝ դադարեցնել զենքի վաճառքն ահաբեկչական Ալիևի ռեժիմին ու նրա հովանավոր «սուլթան» Էրդողանին և նրա ահաբեկիչներին, ճանաչել Արցախ հանրապետության անկախությունն և միջազգային հարթակներում սատարել ճակատագրով իրեն այդքան մոտ ու հազարամյակների բարեկամ հայ ժողովրդին:
Բոլոր մասնակիցներին խնդրվում է ժամանել ցույցի վայր մեկ ժամ շուտ, ժամը 15:00-ին՝ մեքենաները կայանելու, կազմակերպչական խնդիրները տեղում լուծելու և բողոքի ակցիան ժամանակին սկսելու համար:
Կարդացեք նաև
Իսրայելի արտաքին գործերի նախարարության հասցեն ՝ Սդերոտ Իցխակ Ռաբին 9, Երուսաղեմ:
Ցույցը կայանալու է 2016թ.-ին տեղի ունեցած ցույցի վայրում, նախարարության ձախ կողմում ընկած բաց հարթակի վրա:
Մեծահասակներին խնդրվում է հագնել սպիտակ շապիկներ: Մեքենաները կարելի է կայանել փողոցի երկայնքով և ցույցի դիմաց գտնվող առևտրական կենտրոնում:
Երուսաղեմի ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկելու է իրավիճակը: Անվտանգության նկատառումներից ելնելով ցուցաբերել զսպվածություն, չտրվել սադրանքների ու հստակ կատարել կազմակերպիչների ցուցումները: Խնդրվում է ցույցին ներկայանալ պաշտպանիչ դիմակներով, պահպանել սոցիալական հեռավորություն և հիգիենայի բոլոր կանոնները: Ցույցի ժամանակ վաճառվելու են նաև պաշտպանիչ դիմակներ Արցախի դրոշներով: Վաճառքից գոյացած գումարը փոխանցվելու է «Հայաստան» Համահայկական հիմնադրամին:
Սահմանին այսօր մարտնչող մեր հայրենակիցներն, ովքեր իրենց կյանքն են դրել ազգապահպանման զոհասեղանին, մեր բոլորիս միասնական ու հավաքական ուժի կարիքն ունեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքային կառույցների պատասխանատուներին:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»: