Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հանդեպ ՄԱԿ-ի անտարբերությունը դատապարտող բողոքի երթի մասնակիցներն այսօր քայլերթով հասան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ներկայացնելով բողոք-նամակ:
«Սեպտեմբերի 27-ից ՄԱԿ-ը չի բարձրաձայնում խնդիրները ՀՀ-ում եւ Արցախում»,–հայտարարեց դերասան, շոումեն Տիգրան Գեւորգյանը: «Եթե Արցախն իրենց համար չեզոք գոտի է, ապա ինչո՞ւ չեն այցելում Գորիս կամ Վարդենիս: Մենք հետեւողական ենք լինելու: Եթե պետք լինի՝ էլի կհավաքվենք»,-իր հերթին նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը:
«Նամակը մենք ուղարկել էինք էլեկտրոնային փոստով, պատասխան չեղավ»,-հավելեց նա:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ պարզվեց, որ ՀՀ-ում կառույցի մշտական համակարգող Շոմբի Շարփն այս պահին տեղում չէ, կգա 17:00-ին: «Մի լռեք»,-վանկարկում են ցուցարարները:
Կարդացեք նաև
Փոքր ինչ ուշ անցակետում ցույցի կազմակերպիչներին թույլատրվեց ներս մտնել, եւ դուրս գալով՝ Ռաֆայել Երանոսյանը հաստատեց. «Շոմբի Շարփն այստեղ չէ, խոստացել է, որ 17:00-ին կլինի: Մենք խնդրեցինք, որ ավելի շուտ ժամանի, սպասում ենք պատասխանի»:
Ցուցարարները հայտարարեցին, որ սպասելու են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ