Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:
Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծելով, որ պատմության ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես օրհասական պահերին, միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախագահին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը և նշել, որ, անկախ ստեղծված իրավիճակից, հավատացած է, որ Աստծո զորությամբ և ազգային միասնական ջանքերով կրկին հաջողվելու է դիմագրավել նետված մարտահրավերը և պատվով հաղթահարել Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի փորձությունը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ