Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Դեքեր. «Հայերը պետք է ուժեղ լինեն եւ իրապես այդպիսին են, որովհետեւ հաղթում են»

Հոկտեմբեր 19,2020 10:20

Ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերը ժամանել է Հայաստան՝ կրկին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Նա 2015 թ. ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, տարբեր տարիների մեկ տասնյակից ավելի այց է ունեցել Հայաստան, համագործակցել է երգահան Արա Գեւորգյանի հետ, նրա հետ համերգներով շրջել մի շարք երկրներում: Դեքերը զուգերգեր է կատարել հայ երգիչ-երգչուհիների հետ, իսկ 2005 թ. պաշտոնապես հրավիրվել է Հայաստան՝ իր «Ադանա» երգը Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգին կատարելու համար, 2010 թ. թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, 2010 և 2016 թթ համերգներ ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում համերգով հանդես է եկել Շուշիում: Արվեստագետը պատասխանեց Aravot.am-ի հարցերին:

-Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին եւ ձեր արվեստը ծառայեցրել եք Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար: Ինչպե՞ս կայացրիք այս դժվարին պահին Հայաստան գալու ձեր որոշումը:

– Արցախի եւ Հայաստանի համար իսկապես դժվարին ժամանակներ են, հայ ժողովուրդն այսօր պայքարում է, եւ ես պատասխանատվություն ստանձնեցի գալ Հայաստան, աջակցություն հայտնել հայ ժողովրդին ու ասել՝ ես միշտ էլ ձեզ հետ եմ:

– Ի՞նչ կոչ կանեք աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետներին, արվեստը կարո՞ղ է որպես փափուկ ուժ ՝ զսպող ազդեցություն ունենալ պատերազմների պարագայում:

– Բնականաբար արվեստը կարող է նման ազդեցություն ունենալ, ես դա կարող եմ փաստել «Ադանա» երգի օրինակով, որը կատարեցի 2005 թ Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգին: Այդ երգը տարածվեց աշխարհով մեկ՝ հնչելով բազմաթիվ լեզուներով: Միլիոնավոր մարդիկ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ տեղեկացան տարբեր լեզուներով ձայնագրված հենց այդ երգի ու ելույթների միջոցով: Այնպես որ՝ այո, արվեստը կարող է զսպել:

-Ի՞նչ եք ծրագրում անել Հայաստանում, ինչ առաքելությամբ եք ժամանել:

-Իմ առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին որպես արվեստագետ եւ երաժիշտ, աջակցել, որ բարձր պահի հերոսական ոգին նաեւ համագործակցելու եմ հայ արվեստագետների եւ երաժիշտների հետ՝ արվեստի միջոցով Հայաստանի եւ Արցախի գեղեցկությունը եւ մշակույթը աշխարհով մեկ տարածելու համար:

– Ի՞նչ կուզենայիք հղել այս օրերին հայրենիքը պաշտպանող հայորդիներին:

– Ուզում եմ, որ լինեք ուժեղ, քաջ, երբեք չմոռանաք ձեր սրբազան իրավունքների մասին, հավատաք, որ դուք էլ կհաղթեք, ինչպես Աստվածաշնչյան Դավիթը փղշտացիների հարձակման ժամանակ հաղթեց հսկա Գողիաթին (նկատի ունի Ս. Դավիթ մարգարեին, որը Բոազի և Հռութի ծոռն էր, նաեւ Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակը-Գ.Հ.): Հայերը պետք է ուժեղ լինեն եւ իրապես այդպիսին են, որովհետեւ հաղթում են:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    հայերէն՝ Բոոս

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031