Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո Հայաստանը եւ Ռուսաստանը դառնալու են իսկական դաշնակիցներ. Արցախցի իրավապաշտպան

Հոկտեմբեր 19,2020 11:30

Մեր զրուցակիցն է՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը

– Պարոն Օհանջանյան, 3 շաբաթ է թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է: 3 շաբաթ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններից կեղծիքներ, ստեր է լսում աշխարհը: Եթե միջազգային հանրությունը հստակ պատկերացնում է, թե ով է նախաձեռնել պատերազմը, որ ընդդեմ Արցախի Թուրքիան է՝ վարձկան ահաբեկիչների հետ ուս-ուսի տված, ինչու՞ են առանձին պետությունների իշխանությունները հաճախ զուսպ իրենց գնահատականներում:

Ցավոք, համաշխարհային պետությունների առաջնորդների կողմից նման պրակտիկայի դրսեւորումը նորություն չէ: Նման վարքագիծ դրսեւորել են նաեւ Հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի ժամանակ 1938 թվականի մարտին, երբ 1938 թվականի սեպտեմբերին-1939 թվականի մարտին իրականացվեց Ավստրիայի անշլույսը, երբ Գերմանիային միացվեցին Չեխիան եւ Կլայպեդայի նահանգը: Այն ժամանակ էլ համաշխարհային առաջնորդները փորձել են դատապարտել Հիտլերի գործողությունները «հավասարակշռված» բառերով՝ հույս ունենալով, որ վերջինս մի կողմ է դնելու զենքը եւ հետ է կանգնելու ագրեսիվ քաղաքականությունից: Վերջում ի՞նչ եղավ… Համաշխարհային պատերազմ:

Այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջազգային ահաբեկչական ագրեսիան ինքնիշխան Արցախի դեմ՝ մի շարք պետությունների աջակցությամբ եւ առաջին հերթին Իսրայելի, լավ են տեղավորվում երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին շատ պետությունների վարքագծի տրամաբանության մեջ: Ագրեսորի եւ ագրեսիայի զոհի միջեւ չեզոքություն պահպանելու փորձը անբարոյական է: Էլ չեմ ասում, որ նման քաղաքականությունը վարկաբեկում է միջազգային միջկառավարական ինստիտուտների իմաստը եւ նշանակումը, որոնք կոչված են ադեկվատ արձագանքելու ընդդեմ միջազգային կայունության եւ անվտանգության ագրեսիայի փաստերին:

Հենց այդ նպատակով են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին միջազգային միջկառավարական ինստիտուտների մեծ մասը: Այսօր գործնականում ակնհայտ տեսնում ենք, որ այս ինստիտուտները չեն աշխատում իրենց կանոնադրական պարտականություններին համապատասխան: Կարող ենք ուղղակի ասել, որ միջազգային հանրություն գոյություն չունի: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ով է առաջինը սկսել պատերազմը, պատասխանը շատ պարզ է՝ Ադրբեջանը եւ Թուրքիան: Կան տիեզերական նկարահանումներ, որտեղ երեւում են ռազմական գործողությունների սկիզբը, ով եւ ինչպես է ամեն ինչ սկսել:

– 90-ականներին ղարաբաղյան պատերազմից 2 տասնամյակ անցավ եւ պարզվեց, որ միջազգային կառույցներում եվրոպացի պաշտոնյաներ, աշխատակիցներ կան, որոնք անգամ չգիտեին, որ 90-ականների պատերազմն էլ է սկսել Ադրբեջանը: Ի՞նչ աշխատանք պետք է տարվի, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած արդեն երկրորդ լայնածավալ պատերազմից հայկական կողմը շահած դուրս գա, որպեսզի չկրկնվի նախկին փորձը: Մասնավորապես, ինչպե՞ս միջազգային հանրությանը հասցնել այս ուղերձը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե անգամ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Չեմ կարծում, որ լուրջ դիվանագետները եւ միջազգային կազմակերպությունները չգիտեն առաջին ղարաբաղյան պատերազմի մասին: Յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունում աշխատում են բազմաթիվ դիլետանտներ եւ ոչ պրոֆեսիոնալներ: Հենց նրանք են, որ չգիտեն, թե ով է այն ժամանակ սկսել Ադրբեջանից իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան: Իհարկե դա նաեւ Հայաստանի դիվանագիտության բացն է: Գաղտնիք չէ, որ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելություններում աշխատողների 90 տոկոսից ավելին անբան եւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են եղել, որոնք այդ առաքելություններում հայտնվել են միայն հովանավորչությամբ: Այսօրվա պատերազմը ցույց տվեց նրանց անպիտանիությունը: Միայն ռազմական գործողությունների ընթացքում են նրանք սկսել ինչ-որ ձեւ աշխատել՝ այն էլ արտաքին գործերի նախարարի խիստ հանձնարարությամբ: Ադրբեջանցի դիվանագետներն, անընդհատ, տարիներ շարունակ բուկլետներ եւ նամակներ էին հղում տարբեր պետությունների դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին՝ քարոզելով իրենց պետությունը, ցուցադրելով Ադրբեջանը որպես՝ «Հայաստանի կողմից դրսեւորած ագրեսիայի զոհ»: Դրա մասին շատ լավ տեղյակ էին Հայաստանում, սակայն պատասխան քայլեր չեն ձեռնարկվել: Ադրբեջանական դիվանագիտությունն այս պատերազմին բավական երկար է պատրաստվել եւ պետք է փաստել, որ այս համատեքստում հաջողել է ինչ-որ առումով: Կարեւոր չէ, թե ինչ ձեւերով են հաջողության հասել, մենք չենք կարողացել նրանց արժանի պատասխան տալ:

Ինչ վերաբերվում է ձեր այն հարցին, թե ինչպես միջազգային հանրությանը ուղերձ հասցնել, ասեմ, որ դա շատ հեշտ է: Պետք է աշխատել եւ աշխատել ամբողջ սրտով: Ինչու առանձին անհատներ, որոնք դիվանագետներ չէին, պատերազմի առաջին րոպեներից կարողացան մոբիլիզացնել իրենց ծանոթների պոտենցիալը (դիվանագետների, լրագրողների, արեւմտյան հասարակական գործիչների…) եւ աշխարհին իրազեկել, որ Արցախի դեմ սանձազերծվել է ահաբեկչական ռազմական ագրեսիա, նույնիսկ երկու ժամ անց առաջատար լրատվամիջոցներում հոդվածներ հրապարակվեցին պատերազմը սկսելու մասին, մինչդեռ դիվանագիտական առաքելություններն ի վիճակի չէին ադեկվատ արձագանքել: Հիմա ամեն ինչ կարգավորվում է: Բայց կարծում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը, որն այս իրավիճակում դրսեւորեց միայն պրոֆեսիոնալիզմ եւ ոգու ամրություն, պետք է թարմացնի Հայաստանի դիվանագիտական կորպուսը՝ ներկայիս պատերազմով թելադրված մարտահրավերներին համահունչ:

-Մի շարք եվրոպական քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը, ակտիվ են խորհրդարանները, պատգամավորները դիմում են իրենց երկրների կառավարություններին այդ պահանջով: Հայկական դիվանագիտությունն ինչպե՞ս պետք է վարվի՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատի՞, թե՞ նորից պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ ու անընդհատ Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու շրջապտույտի մեջ մնանք: Այս իրավիճակում առհասարակ, դուք բանակցությունները որքանո՞վ եք իրատեսական համարում:

– Ներկայիս պատերազմը առաջին պլան մղեց միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման հարցը: Ադրբեջանը եւ Թուրքիան ֆիզիկապես ոչնչացնում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ միջազգային իրավունքի համաձայն միջազգային հանրությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինի Արցախի՝ որպես ինքնիշխան պետության ճանաչմանը: Ամեն դեպքում, նույնիսկ Արցախի ճանաչման գործընթացը սկսելուց հետո, բանակցություններն անհրաժեշտ են, որոնք պետք է մշտական եւ կայուն խաղաղության ուրվագծերը սահմանեն, որտեղ Արցախի ճանաչումը շահարկման ու առեւտրի առարկա չի դառնալու: Միայն Արցախը՝ որպես միջազգային սուբյեկտ ճանաչելուց հետո մյուս հարցերը բանակցությունների ժամանակ կարող են համապատասխան լուծումներ ստանալ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համապարփակ պայմանագրի սկզբունքների շրջանակներում:

– Նկատվում է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղիղ մասնակցությամբ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները 11 ժամ բանակցում էին, համատեղ եռակողմ հայտարարություն ընդունեցին, որի գլխավոր պահանջը՝ հրադադարը, սակայն չկիրառվեց: Մարդասիրական հրադադարի երկրորդ փորձն արվեց հոկտեմբերի 18-ից` Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությամբ: Հիշեցնեմ, որ Լավրովը այս տարի ապրիլին մի բացահայտում էր արել, ասել էր, որ 2019թ. ապրիլին Մոսկվային Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հիմքում փուլային կարգավորման սկզբունքներն են: Պարոն Օհանջանյան, ռուսական կողմն այս պահին կողմերին ցանկանում է նստեցնել բանակցությունների սեղանի՞ն, դադարեցնել պատերա՞զմը, թե՞ նորից գործի է դրվում Լավրովի պլանը եւ Մոսկվան իր շահն է առաջ տանում: Նկատեմ, որ ռուսական շրջանակները 3 շաբաթ է քննարկում են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությունը:

Դուք գիտեք անցյալում Ռուսաստանի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը: Ես ամենավառ ընդդիմախոսն էի այն ամենի, ինչ առաջարկում էր Ռուսաստանը: Բայց ներկա իրավիճակում Ռուսաստանից բացի ոչ մի այլ երկիր այդքան ջանք եւ էներգիա չի գործադրել ռազմական գործողությունների դադարեցման համար: Այժմ այդքան էլ կարեւոր չեն Ռուսաստանի կողմից առաջարկվող սկզբունքները: Կարեւոր է կրակի դադարեցման եւ բանակցությունները սկսելու նրա նախաձեռնությունը: Կարծում եմ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն էլ քաջ գիտակցում է, որ Արցախի ճանաչումը մղվում է առաջին պլան: Խաղաղապահների հարցը շատ նրբանկատ է եւ հակամարտության կողմերը հետագայում մեծ դժվարությամբ կկողմնորոշվեն դրա կառուցվածքի հետ: Բայց հիմա պարզ է մի բան. հրադադարը պետք է վերահսկվի գործուն մեխանիզմներով, որոնց թվում պետք է լինեն դիտորդական առաքելությունը եւ խաղաղապահ զորքերի առաքելությունը:

– Ռուս քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների շրջանում շատ է քննարկվում հարցը, թե՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն դիմում Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին: Հայկական կողմը պե՞տք է դիմի Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին: Հիշեցնեմ, որ Հայաստանի օդային տարածքում էլ այս օրերին ադրբեջանական ԱԹՍ-ներ հայտնաբերվեցին ու խոցվեցին: Ինչու՞ համարժեք արձագանք չկա ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից՝ ակնհայտ փաստերի առկայության պայմաններում:

Կարծում եմ հայկական ղեկավարությունը հաշվի է առել նման պաշտոնական դիմումների բոլոր նրբերանգները եւ իմ կարծիքով ընդունել ամենաճիշտ որոշումը՝ չդիմել ՀԱՊԿ: Կարծում եմ պատերազմից հետո Հայաստանը վերանայելու է իր վերաբերմունքն այդ անգործունակ դաշինքի հանդեպ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, հակված եմ մտածելու, որ Ռուսաստանը մեր ժողովրդի պատմության այս ճգնաժամային պահին արյունահեղությունը դադարեցնելու համար արել է ավելին, քան մյուս երկրները: Եվ ես կարծում եմ, որ պատերազմից հետո Հայաստանը եւ Ռուսաստանը դառնալու են իսկական դաշնակիցներ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031