Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի համբերությունն անսահման չէ, բայց ինչքա՞ն է, ինչքա՞ն սպասենք»

Հոկտեմբեր 19,2020 14:00

Ըստ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի, եթե Իրանը որեւէ կտրուկ քայլ անի, իսլամական աշխարհում իրեն հաստատ մեղադրելու են:

«Մինչեւ այս պահն Իրանը որեւէ գործուն քայլ չի կատարել, չնայած այս ամենով հանդերձ շարունակ շեշտում են՝ յոթ տարածքները  խաղաղության գրավականն են»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան կասեցնելու հարցում Իրանը դեռ գործուն քայլերի չի անցել, թեեւ իրենց շահերից էլ չի բխում այն, որ ահաբեկիչները լցվեն տարածաշրջան, Էմմա Բեգիջանյանը հիշեցրեց՝ դեռ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իր վերլուծության մեջ գրել էր՝ միակ երկիրը, որի ռազմավարական եւ ազգային անվտանգության շահերը համընկնում են Հայաստանի հետ, Իրանն է: Սակայն մյուս կողմից փաստեց՝ այս հարցում Իրանն ունի երկու կարեւոր խնդիր. «Կա երկու խնդիր, որ Հայաստանի հետ այդ ոլորտներում առնվազն բացահայտ լայնածավալ համագործակցություն չի կարողանում ունենալ: Այսօր Իրանի հյուսիսի  թուրքախոսներին ուղղված ադրբեջանաթուրքական քարոզչական մի հզոր ալիք է բարձրացել, որն իր ազդեցությունն ունի: Իրանի հյուսիսում ոչ մեծ թվով, բայց պանթուրքիստներ կան: Այս հարցն Իրանը որպես ներքին խնդիր չի կարող անտեսել ու կտրուկ քայլերի դիմել: Երկրորդը, իսլամի գործոնն է, հատկապես, եթե հաշվի առնենք՝ Իրանը եւ Ադրբեջանը իսլամի նույն ուղղությունն են դավանում՝ շիան: Սա այնպիսի գործոն է, որն Ալիեւն օգտագործում է Իրանից ինչքան հնարավոր  է շատ օգուտներ քաղելու համար»:

Էմմա Բեգիջանյանը միեւնույն ժամանակ փաստեց՝  այդ երկրում  ամենաճնշված դասը հենց շիա հավատացյալներն են: Ըստ նրա, եթե Իրանը որեւէ կտրուկ քայլ անի, իսլամական աշխարհում իրեն հաստատ մեղադրելու են, մյուս կողմից Իրանի շատ պաշտոնյաներ, այդ թվում նախագահը, հայտարարեցին, որ չեն հանդուրժելու ահաբեկիչներին: Այս առիթով նա պարզաբանեց. «Ահաբեկիչները բոլորը՝ սկսած Ալ քաիդայից, թալիբներից, իսլամական խալիֆայությունից, բոլորը շիաներին իսլամի ճյուղ չեն համարում, այսինքն՝ իսլամ ծայրահեղականները նաեւ շիաների դեմ են: Հենց դա է պատճառը, որ եւ՚ Սիրիայում, եւ՚ Իրաքում Իրանը նրանց ոչնչացնելու հարցում մեծ դերակատարություն ունի: Այդ է պատճառը, որ Իրանի պաշտոնյաները շեշտում են՝ թույլ չեն տա, որ դրանք տեղակայվեն Իրանի սահմանի երկարությամբ»:

Փորձագետը հիշեցրեց՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով պանթուրքիզմի տարածմանը եւ նաեւ հենց ահաբեկիչների հարցին, շեշտել է՝ եթե իրականություն է, որ Արցախի պատերազմին մասնակցում են ահաբեկիչներ, ապա իրենք չեն հանդուրժի դա: Էմմա Բեգիջանյանը մանրամասնեց. «Նա շեշտել է, որ Իրանի համբերությունը անսահման չէ: Ըստ երեւույթին, անսահման չէ, բայց շատ մեծ է»:

Անդրադառնալով այն փաստին, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ խոսել է Իրան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափի մասին՝ որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում, Էմմա Բեգիջանյանը վստահեցրեց՝ դա անընդունելի մեխանիզմ է Հայաստանի համար ու պարզաբանեց. «Թուրքիան ներկայացնում է թուրք-ադրբեջանական պետությունը: Ես դրանք համարում եմ նույն պետությունը: Դեռեւս 1993 թվականին, երբ Իրանի այն ժամանակվա նախագահը Վելայաթիի հետ գտնվում էր Բաքվում, հայր Ալիեւը հայտարարել էր, որ եթե դուք մեզ չօգնեք, հայերը շուտով հասնելու են Բաքու: Նա ասել էր՝ Ադրբեջանը տրամադրում ենք ձեզ, կարող եք իսլամական հեղափոխություն անել, ինչ ուզում եք արեք, բայց մեզ օգնեք, որ հայերը չհասնեն Բաքու: Իրանի նախագահը, իհարկե, ասել էր, որ իր պատասխանը բացասական է: Հիմա Ալիեւն անընդհատ պնդում է, որ գնում է հոր ճանապարհով: Իսկ հոր ճանապարհը դա էր: Իսկ հիմա կրտսեր Ալիեւը դիմել է Անկարային, թե ես պանթուրքիստ եմ, ես ձեզ նման թուրք եմ, եկեք, ինձ փրկեք: Ասել են, լավ, բոլոր  իրավունքներդ տուր ու դարձնել մեկ պետություն: Այնպես որ,  դա նշանակում է՝ Ադրբեջանը բանակցային կողմ է լինում, Իրանը վերոհիշյալ պարագաներում չի կարող լինել անկողմնակալ միջնորդ, իսկ Ռուսաստանը հավասարության նշան է դնում: Այդպիսի լրացուցիչ մեխանիզմն ինձ թվում է մեզ համար անընդունելի է»:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այդպիսով Իրանը լուծում է իր դերակատարության հարցը. «Իրանը, փաստորեն, դուրս էր մնացել ընդհանուր տարածաշրջանի դերակատարությունից իր հենց աjդ պասիվ չեզոքությամբ: Իրենք փաստորեն փորձել են առաջ քաշել  դերակատարության հարցը»: Մեր հիշեցմանը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը հայտարարել է՝ թույլ չեն տա, որ նենգ ծրագրերն իրականանան, եւ Իրանն առաջինը կլինի, որ կգնա գրոհայինների դեմ  ու կոչնչացնի նրանց, Էմմա Բեգիջանյանն արձագանքեց. «Նույն բանն ասել են նաեւ երկրի քաղաքական ղեկավարները, բայց նրանք չեն ասել՝ կգնանք, Ղարաբաղը կփրկենք: Ասել են, որ եթե ահաբեկիչները մեր սահմանն անցնեն, եթե մենք զգանք՝ նրանք մեր սահմանի երկայնքով են, մենք նրանց կոչնչացնենք: Այդ նույն հայտարարությունն անում են նաեւ քաղաքական գործիչները, ուղղակի պետք չէ դրանք ավելին գնահատել, քան  քաղաքականը»:

Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք՝ իրատեսակա՞ն է սպասել, որ առաջիկայում կտրուկ փոփոխություն կլինի իրանական կողմի քայլերում, փորձագետը պատասխանեց. «Իհարկե, իրատեսական չէ, քանի որ Վելայեթին հայտնել է, թե Իրանի համբերությունն անսահման չէ: Անսահման չէ, բայց ինչքա՞ն է, ինչքա՞ն սպասենք: Նորից եմ շեշտում, Հայաստանի շահերի համընթացությունը միայն Իրանի հետ է, որի ձեռքերը երկու ամուր թելերով կապված են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031