Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսադրող է այն, որ մենք լիովին մենակ չենք այս անգամ եւ կան լրատվական միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, «Tha Guardian»-ը, ինչպես նաեւ «Independent»-ը»

Հոկտեմբեր 19,2020 13:00

Ասում է լոնդոնաբնակ հայ նկարիչ Արմեն Կարապետյանը (Armen K Kay)

– Օրեր առաջ փոթորկվեց նաեւ Մեծ Բրիտանիան հայերի ցույցերով, ի՞նչ է արվում սփյուռքում, մասնավորապես, Բրիտանիայում` Արցախի ճանաչման հետ կապված, արդյոք, բնակվելով այդտեղ, նամակ, դիմումներ, այլ գործիքակազմ օգտագործվո՞ւմ է պատերազմի դատապարտման, խաղաղ բնակավայրերի գնդակոծման, խաղաղ բնակչության սպանությունների հետ կապված:

– Քառորդ դար է արդեն, ինչ ինքս անձամբ մասնակից եմ լինում 1915-ը որպես ցեղասպանություն ճանաչելու բողոքի հավաքներին եւ ցույցերին, որին ոչ միայն մենք՝ հայերս, այլեւ ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական այրեր են ներկա եղել եւ այս ամենը, ավաղ, լիովին ապարդյուն եւ անհետեւանք։ Ոչինչ չի լուսաբանվել եւ ոչ մի հեռուստաալիքով, որքանով ես եմ տեղյակ եւ ոչ էլ մամուլում, որը եւ ցավալի է, եւ լիովին կանխատեսելի։

Ավաղ, արդեն տասնյակ տարիներ է, ինչ իմ ստեղծագործ հոգին մաշում է մեկ հարց, թե արդյոք ինչո՞ւ էր, որ հայրիկիս վանեցի մայրը անգլերենով երգեր էր երգում, որոնք այստեղ ժամանակակից Մեծն Բրիտանիայում երեխաներին են սովորեցնում, նախակրթական կամ վաղ կրթական կառույցներում։ Եվ այստեղ է, որ ես փնտրում եմ գտնել պատասխանները, թե արդյոք ինչո՞ւ ենք մենք արհամարհվում եւ մեր ձայնը որպես փոքրամասնություն չլսելու դառնում։ Այստեղ ես քիչ նախանձով եւ ափսոսանքով եմ նայում այն փաստին, որ մենք հակառակ կողմի որեւէ քաղաքական գործիչ չենք, որոնց անունները դուք էլ կարող եք կռահել։ Ափսոսում եմ, մարդու արժեքը չէ, որ կարեւորվում է, այլ գուտ քաղաքականությունը եւ դրանից բխող տնտեսական շահերը։

Սա որպես նախաբան այն հարցիդ, թե արդյոք ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մեր ազգի համար հույժ կարեւոր հարցի բարձրացման, այսինքն` Արցախի ճանաչման եւ աջակցության վերաբերյալ այստեղ Բրիտանիայում, ակնկալելով, որ գործնական քայլերը կհետեւեն դրան դատապարտելու եւ պատժամիջոցների մեխանիզմներ ներդնելու՝ կանխելով թրքա-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմը հայրենիքիս նկատմամբ եւ դրանցից բխող հետեւանքների կանխարգելմանը աջակցելով։ Ես սա ասում եմ՝ ըստ իմ ունեցած մակերեսային տեսանելի տվյալների վրա միայն հենվելով։

Հուսալի է այն փաստը, որ մենք լիովին մենակ չենք այս անգամ եւ կան լրատվական միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, «Tha Guardian»-ը, ինչպես նաեւ «Independent»-ը, որոնք անկողմնակալ լուսաբանում են մեր աշխարհամասում, երկրի եւ ընդհանրապես ազգի դեմ սանձազերծած պատերազմը Թուրքիայի բացառիկ մասնակցությամբ, ներգրավելով նողկալի ահաբեկիչ հրոսակախմբերին արեւելյան որոշ երկրներից գնված՝ որպես ուղղակի մանդարին։

Տպավորությունս այնպիսին է, կարծես ժամանակը 100 տարով ետ է նահանջել, քանզի տեսնում եմ նույն վերաբերմունքը մեր նախաբիբլիական ազգի նկատմամբ, ինչպես մեր դասագրքերում կամ այլ աշխատություններում եմ կարդացել դեռ մանուկ, պատանի եւ ավելի հասուն տարիքում։ Կարծես մի դեժավյու լինի այս ամենը եւ կարծես արդեն տեսել եմ այս կինոժապավենը եւ ոչ մեկ անգամ։

Կինոժապավենը, որ նշեցի, դա այն ժապավենի շարունակությունն է, որը դեռ գիտակից տարիքից է իմ կինոդարանում տեղ գտել, ծնողներիս արեւմտահայ ծնողների իրեղեն պատմություններով հյուսված, իրենց անվերադարձ մարդկային եւ նյութական կորուստներով հանդերձ։ Անհավատալի է առերեսվել նմանատիպ իրողությանը, այնժամ, երբ Սոյուզ տիեզերանավը երեք ժամում միջազգային տիեզերակայան է հասցնում տիեզերագնացներին, իսկ այստեղ մոլորակի վրա կարծես կրկնության փորձ է արվում՝ 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած հրեշային ոճրագործությունը, նույն անպատիժ մնացած հարեւան ցեղերի եւ նրանց միացած վարձու ահաբեկիչների հանցագործ ձեռքերով։

Վշտակցում եմ մեր առյուծասիրտ զինվորների անվերադարձ կորստի համար եւ ցասումն է, որ փոթորկում է ողջ էությունս:

Հարցնում եք՝ ի՞նչ քայլեր ենք այստեղ անում Արցախին օժանդակելու եւ աջակցելու, ասեմ. ինչպես եւ մնացած երկրներում, մի ցույց կազմակերպեցինք կառավարության նստավայրի առջեւ, մասնակցում ենք դրամահավաքին եկեղեցու հովանու ներքո, որին մի քանի օր առաջ սկիզբ դրվեց։ Որքան որ տեղյակ եմ, նաեւ նամակներ են ուղղվել համապատասխան պետական եւ ոչ պետական կազմակերպություններին։ Կարծես դեժավյու լինի այս ամենը եւ կարծես արդեն տեսած լինենք ազգովին այս կինոժապավենը։

«Աստղային պատերազմներ IX» ֆիլմում Պոն անունով հերոսը հարցրեց գեներալ Կալրիսյանին՝ առանց որեւէ նախաբանի. «Ինչպե՞ս կարողացաք ջախջախել Կայսրությունը՝ ոչինչ չունենալով»: Գեներալ Կալրիսյանը պատասխանեց. «Մենք հավատք ունեինք եւ հենց այդ հավատքով էլ հաղթեցինք»։ Այն հարցին, թե որտեղի՞ց է ինքը՝ գեներալը։ Կալրիսյանը պատասխանեց. «Ես Ոսկյա գոտուց եմ»:

Զրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031