Աշխարհի շուրջ 10 մլն հայությունը Արցախի դեմ սկսված ադրբեջանա-թուրքական պատերազմի հենց առաջին օրվանից տարբեր միջոցներով իր բողոքն ու ցասումն է հայտնում այս աղաղակող անարդարության դեմ։
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն «Առավոտին» փոխանցել են, որ փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած աշխարհահռչակ երաժիշտները սատարում են հայ ժողովրդին։
Օրինակ, մեր հայրենակցուհի օպերային դիվա Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան) օրերս մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած ցույցերին՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի։
Նախօրեին էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը մեզ տրամադրեց հանրաճանաչ երգչուհու խոսքը. «Հայերի բազմադարյա պատմությունը զորության ու քաջության, անսասան պայքարի ու քրիստոնեական հավատքին հավատարմության պատմություն է: Հայի մարտական ոգին, Հայրենիքի հանդեպ սերը միշտ եղել է մեր ժողովրդի հատկանշական նկարագիրը:
Կարդացեք նաև
Այսօր դուք եք՝ լավագույններից լավագույններդ, որ գնում եք պաշտպանելու ձեր հողը, ձեր մայրերին, կանանց, երեխաներին, հզոր Հայաստանի եւ Արցախի ապագան: Այսօր ողբում եւ աղոթում են Երկրի բոլոր մայրերը, ոչ միայն Հայաստանի: Վերադարձեք ողջ եւ առողջ: Թող թշնամին մեկընդմիշտ պարտություն կրի։ Իմ մայրական աղոթքը ձեզ հետ է»:
Մարիա Գուլեգինան Երեւանում, 2015թ.
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2020