Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով

Հոկտեմբեր 19,2020 12:00

Ստեղծված պատերազմական  իրավիճակում մեծ առաքելություն  են իրականացնում  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողները: Զրուցել եմ ԱՀ ԱԻՊԾ  տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա, լեյտենանտ Հունան Թադեւոսյանի հետ։

– Կխնդրեմ մի փոքր նկարագրեք փրկարարների աշխատանքը մինչեւ պատերազմն ու պատերազմի ժամանակ:

– Սովորական օրերին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունն աշխատում էր արտակարգ ռեժիմով: Այս օրերին՝ ավելի ուժեղացված: Առանց վարանելու եւ  խուճապի մատնվելու՝ ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը կոնկրետ հրամաններ ու հանձնարարություններ է տվել փրկարարական ջոկատներին եւ հենց առաջին օրից կազմակերպված սկսվել է փրկարարի առաքելությունը: Ստեփանակերտը  խլացնում էր տագնապի ազդանշանն ու այստեղ  տարածվել էր վառոդի հոտը:

– Ինչպես գիտենք, Ստեփանակերտում հիմնականում քաղաքացիական օբյեկտներն  են թիրախավորվում:

– Այո, մայրաքաղաքում  թիրախավորվում են հիմնականում քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Բազմաթիվ փլատակված շենք-շինություններ, վիրավորներ ու զոհեր էլ կային: Ուզում եմ անպայման նշել, որ հերոսական աշխատանք են կատարել փրկարարները: Անգամ կրակոցների տակ նրանք սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ են մատակարարում ապաստարաններ: Հրշեջ փրկարարական խմբերը հազիվ էին հասցնում մեկուսացնել հրթիռներից այրվող բնակարանները: ՃԿԿ-ում գրանցվում էին նոր կանչեր: Արագ արձագանքման ստորաբաժանումները փլատակներից հանում եւ բուժհաստատություններ էին տեղափոխում վիրավորներին, շատ դեպքում ցուցաբերելով առաջին օգնություն:

– Ի՞նչ կորուստներ եղան, երբ ռմբակոծվեց ԱԻ ծառայության շենքը:

– Հոկտեմբերի 2-ին  մասամբ ռմբակոծվեց  ԱԻ ծառայության շենքը: Ցավոք, մեկ զոհ ու վիրավորներ ունեցանք: Դա չխանգարեց մեր աշխատանքին: Կարեն Սարգսյանը վերամոբիլիզացրեց ուժերը, բաշխվեցինք թիմերի եւ  շարունակեցինք ծառայությունը: Պատերազմն ավարտվի, ավերվածը կկառուցվի: Միշտ այսպես է  ասում տնօրենը:

– Ի՞նչ նոր մարտահրավերներ կան:

– Հիմա Արցախի փրկարարները կանգնած են նոր մարտահրավերի առաջ. քաղաքում եւ  շրջաններում հայտնվել են թշնամու արձակած, դեռեւս չպայթած հարվածային, հրթիռային  եւ  կասետային ռումբեր: Սակրավորական խմբերն այժմ զենք-զինամթերքի հայտնաբերման ու դրանց ոչնչացման ուղղությամբ են աշխատում:

Արցախի փրկարարներին հումանիտար աջակցություն բերեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պատերազմի հաջորդ օրը նախարար Ֆելիքս Ցոլակյանն էր Արցախում: Հետո եկան փրկարար ջոկատները, ովքեր արցախցիների հետ կողք կողքի անցնում են պատերազմական այս ծանր ու դժվար փորձությունը: Ուշադրությունը միշտ կարեւոր գործոն ու երեւույթ է եղել մեզանում:

– Տագնապի ազդանշանն ավարտվելուց հետո կյանքն ինչպե՞ս է ընթանում մայրաքաղաքում:

– Երբ կտրվում է տագնապի ազդանշանի ձայնը՝ միանգամից կարելի է տեսնել քաղաքի ծաղիկները ջրող, խնամող տղամարդկանց, փողոցները օրվա փոշուց մաքրող կանանց ու նրանց օգնող երիտասարդների: Մեր բոլորի ցանկությունն է, որ օր առաջ ավարտվի պատերազմը եւ ունենանք արժանապատիվ խաղաղություն: Մենք թանկ կյանքեր դրեցինք այս պատերազմի զոհասեղանին:

Զրույցը՝ ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

Արցախ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031