Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի որդուն թիկունքից կրակել են ահաբեկիչները

Հոկտեմբեր 19,2020 14:30
zinyal

Ադրբեջանական բռնապետական ռեժիմը, ինչպես այդ երկրի տեղաբնիկ ժողովուրդների առաջնորդներն են ահազանգում, այս օրերին նոր ճնշումներ է բանեցնում իրենց հանդեպ: Մասնավորապես, Նադիր Հաֆարզադեն, Քամիլ Զեյնալլըն, Հիյաս Իբրահիմովը, Նարմին Շահմարզադեն եւ մի շարք այլ հանրությանը հայտնի քաղաքացիներ բռնաճնշումների նոր ալիքի թիրախում են հայտնվել: Մարզիկ Քամիլ Զեյնալլըն եւ երգիչ Նադիր Հաֆարզադեն, որոնք օրեր առաջ հայտարարություններ էին անում որպես բլոգերներ, մեղադրվել են համացանցում ազգային անվտանգությանը սպառնացող արգելված տեղեկատվություն տարածելու համար եւ ազատազրկվել 10 օրով:

Իսկ նախկին քաղբանտարկյալ Հիյաս Իբրահիմովը եւ թալիշ ակտիվիստ Նարմին Շահմարզադեն սոցցանցերի իրենց էջերում հայտարարել են, որ իրենք քննադատել են Բաքվի ռեժիմի ռազմատենչ քարոզչությունը եւ նրանց, ովքեր ասում են՝ «ես դեմ եմ բռնապետությանը, բայց բռնապետության ներքո աջակցում եմ պատերազմին»:

Իբրահիմովին եւ Շահմարզադեին նման հայտարարությունների համար հրավիրել են ոստիկանության բաժանմունքներ: Բացի այդ, ընդդիմադիր «Ադրբեջանի իսլամական կուսակցության» (որի առանցքային դեմքերը վաղուց բանտերում են) ղեկավարի տեղակալ Հադջի Իլհամ Ալիեւի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս հինգ ամսով: Հադջի Իլհամ Ալիեւը պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր այս տարվա փետրվարին՝ պետական դավաճանության հոդվածով եւ մարտին դատապարտվել ազատազրկման: Դեռեւս 2012թ.-ին նա մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք պահելու համար եւ ազատազրկվել:

«Ադրբեջանի իսլամական կուսակցության» նախագահ Մովսում Սամեդովը եւս այս պահին բանտում է: Նրան ձերբակալել էին դեռեւս 2011թ.-ին՝ ապօրինի զենք պահելու եւ մի շարք այլ մեղադրանքներով: Նա չի ընդունել մեղադրանքները եւ հայտարարել է, որ իրեն ձերբակալել են Ադրբեջանի իշխանությանը կոշտ քննադատելու պատճառով:

Միաժամանակ, տեղի լրատվամիջոցները, հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, հայտնում են, որ Սամեդովի՝ զինծառայության մեջ գտնվող որդին մահացել է առաջնագծում տեղի ունեցած ծանր մարտերի ժամանակ: Հաղորդվում է, սակայն, որ Զեյնալաբիդին Սամեդովը սպանվել է ոչ թե հայկական կողմի զինվորականների ձեռքով, այլ նրան իրենց իսկ թիկունքից կրակել են այն ահաբեկիչները, որոնց Թուրքիան Ադրբեջան էր փոխադրել Սիրիայից եւ Լիբիայից՝ Արցախի դեմ պատերազմելու համար:

Պատրաստեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031