Արկադի Անդրեասյանը 2015 թ․ հուլիս-օգոստոսյան հայտնի դեպքերի հերոսներից է, զինհաշմանդամ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նա այս պատերազմում կամավոր մեկնել է առաջնագիծ եւ մի քանի օր շարունակ մասնակցել մարտական գործողությունների հյուսիսային կողմում, աչքի ընկել քաջությամբ:
Արկադի Անդրեասյանը նշեց, որ 2015 թ ծառայությունը չավարտած՝ ստացել էր ականապայթյունային վիրավորում, եւ այժմ, նրա խոսքով, պատերազմը կանչել է վրեժխնդրության՝ զոհված ընկերների, հրամանատարի եւ բոլոր նահատակների թափված արյան համար:
«Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, քույրերին, երեխաներին: Ես մեկնել եմ առաջնագիծ եւ ելք եմ գտել, որպեսզի լինեմ Արցախի սահմաներում: Առաջնագծում բոլոր տղաները մարտական են տրամադրված, բոլորի հոգում, սրտում, մտքում միայն մի նպատակ կա, այդ նպատակի անունը հաղթանակն է:
Ինձանից տարիքով փոքր տղաներ կային, որոնք հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ: Ես ոգեւորվել եմ նրանց աննկուն կամքից, այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը, ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան: Մենք պետք է կերտենք հաղթանակը՝ մեր միասնականության, ոգու, ուժի եւ մեր կամքի շնորհիվ»,-ասաց երիտասարդը:
Կարդացեք նաև
Նաեւ հավելեց. «Ով ունակ է զենք բռնելու, ով կարողանում է թիկունքում աշխատանք կատարել, եւ ով ուզում է իր պատիվը փրկել, թող հենց հիմա կատարի իր վճռական քայլը: Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում՝ պետք է թշնամուն պարտադրենք խաղաղության, որը պետք է լինի երկարատեւ»:
Արկադի Անդրեասյանը տեղեկացրեց, որ սահմանից վերադառնալով՝ այցելել է վիրավոր տղաներին: Վստահեցրեց, որ նրանք օր առաջ ուզում են ապաքինվել՝ առաջնագիծ մեկնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ