«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը եւ պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով… Սկզբից՝ հյուսիսային կողմում հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որեւէ նշանակալի հաջողություն չունենալով:
Միեւնույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձեցին հարձակողական գործողություններ ծավալել, մեկ ուղղությամբ հստակորեն հայտնվելով հայկական զինված ուժերի հուժկու կրակի տակ՝ փախուստի են դիմել, հետ են շպրտվել, կորցրել զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաեւ մեծաքանակ զինամթերք»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այլ ուղղությամբ եւս շարունակվել են հարձակողական մարտերը. «Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում, բայց քանի որ այս պատերազմում, որը չափազանց ուժգին, սաստիկ եւ մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններ, բարձունքներ եւ այլն չենք տալու, դրանցով առաջնորդվելն ու հաջողությունները ֆիքսելը տվյալ պատերազմում ընդհանրապես ակտուալ չէ»:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, եւ ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն տարվում. «Դրա համար կոնկրետ բնագծեր, հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»:
Կարդացեք նաև
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց. «Օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կրկին կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում նաեւ ԱԹՍ-ներ: Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որոնցից 2-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս պահին էլ մարտական գործողություններն ընթանում են, նորից շարունակվում է թեժ մնալ հարավային ուղղությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ