Գերմանիայի հայերն այսօր «Stop Erdoghan», «Stop Aliyev», «Stop terrorism» գրությամբ պաստառներով բողոքի խաղաղ ցույցերը շարունակեցին Մյունխեն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: «Ոստիկանների թիվը մեծ է, որովհետեւ ադրբեջանցիների կողմից սադրանք եղավ, բայց մենք հանգիստ մնացինք: Ոստիկանները շատ են, որպեսզի ապահովեն մեր բոլորի անվտանգությունը: Հավաքում ենք ստորագրություններն այն մարդկանց, ովքեր դեմ են ագրեսիային, Թուրքիայի եւ Ադրբեջանի տեռորիզմին: Այլազգի քաղաքացիներ եւս մեր կողքին են արդեն երկու ժամից ավելի»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում հայտարարեց հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Ցույցի կազմակերպիչներից Բավարիայի «Հայ հայրենակցական միության» վարչության ներկայացուցիչ Արփի Մանիերոն նշեց. «Այս անգամ կոչերը բարձրաձայն չեն, այլ՝ պաստառների վրա, որպեսզի Գերմանիայի ղեկավարությանը եւ հասարակությանը հիշեցնենք, թե ինչ է կատարվում Արցախի սահմանին: Պատերազմն օր առաջ պետք է ավարտվի»:
Հրապարակում տեղադրված տաղավարում ցանկացողները նաեւ գումար էին նվիրաբերում՝ Արցախին փոխանցելու նպատակով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մյունխենում բողոքի քայլերթ էր տեղի ունեցել՝ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան դադարեցնելու եւ գերմանական լրատվամիջոցների կողմից խնդիրը լուսաբանելու պահանջով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ