Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իրենց դիվանագիտական ռազմավարությունը․ ԱՀ ԱԳՆ

Հոկտեմբեր 18,2020 22:16

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։

Հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան Ֆիշերի առաջարկությամբ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։

Ս. թ. հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր սպառազինության կիրառմամբ ուժգին հարձակում է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության վրա: Այս ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Տավուշի մարզում, ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին սպառնացել է «Մեծամորի ատոմակայանին հարվածելու հնարավորությամբ՝ Հայաստանին աղետ պատճառելու նպատակով»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և խաղաղ բնակչությունը:

Այս պատերազմը բռնկվել է Թուրքիայի աջակցությամբ, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել օսմանյան թուրքերի պատասխանատվությունը 1915 և 1916 թվականներին իրականացված ցեղասպանության հարցում: Ըստ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի՝ Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններն են տեղափոխվել Ադրբեջան՝ մասնակցելու մարտերին և մահ սերմանելու Լեռնային Ղարաբաղում:

Մի քանի տասնամյակ շարունակվող և Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին հակադրող այս հակամարտության մեջ Ֆրանսիան փորձել է խաղաղ լուծում գտնել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում, որն այն համանախագահում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ:

Խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից:

Հաշվի առնելով, որ այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած Ադրբեջանի նկատմամբ, որի թիրախը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ խաղաղ բնակչությունն է,

հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմատենչ դիրքորոշումները՝ ի աջակցություն Ադրբեջանի, և սիրիական վարձկանների տեղափոխումը անընդունելի են ու պարունակում են տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ,

հաշվի առնելով, որ բազմաթիվ բնակիչներ, մասնավորապես՝ Ստեփանակերտում, ռազմական գործողությունների պատճառով ստիպված լքել են իրենց բնակավայրերը, և առկա է մարտերն անհապաղ դադարեցնելու մարդասիրական անհրաժեշտություն,

հաշվի առնելով, որ ռուսական դիվանագիտության նախաձեռնությամբ հաստատված հրադադարը, որը հոկտեմբերի 10-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից, չի հարգվել,

Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները Ֆրանսիական Հանրապետության Նախագահին և կառավարությանն են ուղղում իրենց կոչն առ այն, որպեսզի ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը.

Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031