Ստեփանակերտում հրթիռակոծությունից հետո վնասվել են բնակելի շենքեր և տներ։
Այդ բնակելի շենքերից մեկի ապաստարանում է բնակվում Էլլա Դանիելյանը, որը տեղափոխվել է իր հարսի տուն՝ պատերազմի օրերին մենակ չմնալու համար։
Իվանյանում թողել է տունը, որը ևս վնասվել է․ «Ապակիները լրիվ կոտրատված են, ուղղակի ցրտից եմ փախել։ Պատն է ճաքած վերևի մասից, բաղնիքի պատն է ճաքած ու ապակիներն են կոտրված։ Էն առաջին զարկերից հետո… դե, առաջին զարկերը… վա՜յ, էնտեղ ենք եղել, ինչ դժոխք է եղել, ուղղակի դժոխք է եղել։ Էնքան քարերը թափվեցին բակում, տանը էնքան հող… պատկերացնո՞ւմ եք»։
Նա պատմում է, որ Ստեփանակերտում էլ խաղաղ չէր և վնասվել է նաև այն շենքը, որտեղ բնակվում է իր հարսը․ «Ընդհանուր ռեժիմ ունեն՝ առավոտյան բարի լույսին՝ իրենց թնդանոթները, երեկոյան՝ մինչև ընթրիքը՝ թնդանոթները, քնելու ժամանակ՝ թնդանոթները, էն քաղցր քնի ժամանակ՝ թնդանոթները։ Ժամը 4-ին, որ պետք է քնես, առավոտյան քունն էլ խանգարում են թնդանոթներով։ Մեր ողջույնն էլ դա է թուրքերի կողմից, էլ ի՞նչ պետք է սպասենք»։
Կարդացեք նաև
Տիկին Էլլան ասում է, որ այս պահին իր տնից շատ ավելի կարևոր խնդիրներ կան, օրինակ՝ հայրենիքի համար կռվող զինվորները․ «Ես տան մասին չեմ մտածում, ես կռվողների մասին եմ մտածում, ինձ համար տունը գոյություն չունի։ Թեկուզև, ամբողջ կյանքս այստեղ անցկացնեմ, ճիշտ է՝ գրագետ թոռներ ունեմ տներում, ես այդ տան մասին չեմ մտածում։ Ոչ մի հայ, ոչ մի տան մասին չի մտածում, իրենց հողի մասին են մտածում»։
Եվ պնդում է, որ չի պատրաստվում Հայաստան գնալ․ «Առաջին պատերազմի ժամանակ հարսս ծննդաբերել է՝ 1992 թվականի ապրիլի 25-ին։ Երեք ժամից ապակիները թափվել են երեխայի վրա, բերել ենք տուն, տնից իսկույն ռումբը խփել է՝ տունը ցրիվ է տվել։ Երեք ժամանոց երեխային այստեղ ենք պահել։ Ոչ մի անգամ այդ միտքը չեմ ընդունել, դա վիրավորական է ինձ համար: Մինչև վերջին հայը այստեղից դուրս չգա, ես դուրս չեմ գա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի