«Այսօր այստեղ համախմբված ցույց կտանք աշխարհին, որ մենք միասին ենք: Այո, սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի սուրբ հողի վրա, բայց, բարեբախտաբար, միախմբված կփորձենք պահել եւ պահպանել արդարությունը, մեր պատմական հողը՝ Արցախը: Այո, հայ մարտիկները, հայ զինվորները կգնան պայքարելու եւ պաշտպանելու: Իրենց կատարած սուրբ առաքելությունը արձանագրված պետք է լինի հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով»,-այսօր Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կազմակերպված բազմամարդ բողոքի ցույցի ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Նրա խոսքով, հայ ժողովուրդն, իբրեւ առաջին քրիստոնյա ժողովուրդ, խաղաղասեր է եւ խաղաղության ճանապարհով է ուզում ամեն տեղ արդարություն իրականացնել: Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ասաց, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող հայ ժողովրդին բաժանել Արցախի սուրբ հողից:
Աղոթք հնչեց առ Աստված եւ հնչեցին հայրենասիրական երգեր, Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից:
Ցույցի մասնակիցները ծածանելով եռագույնները՝ վանկարկում էին՝ «ինչ էլ որ լինի՝ հաղթելու ենք»: Ներկաների խոսքով, թղթի վրա ստորագրվել է հրադադար, բայց այսօր էլ ադրբեջանաթուրքական ագրեսիան շարունակվում է. «Մենք զգոն պիտի լինենք եւ ուժերը կենտրոնացնենք մեր դեմ սկսած պատերազմի եւ խաղաղության հասնելու համար: Լինի սփյուռքում, լինի Հայաստանում մենք պիտի պարտադրենք խաղաղություն: Մենք չենք մուրում, մենք մուրացկաններ չենք, մենք պիտի խաղաղություն պարտադրենք՝ լինի Ալիեւը, Էրդողանը, վարձկանները: Արցախահայությունն ապրելու է ազատ, անկախ Արցախում»:
Ցույցի մասնակիցները դժգոհություն հայտնեցին, որ Իսպանիայի կառավարությունը չի դատապարտում ադրբեջանական-թուրքական ագրեսիան ու ահաբեկիչների փաստը, որոնք արդեն դուրս են եկել հակամարտության գոտու սահմաններից եւ սպառնալիք են դառնում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար:
Կարդացեք նաև
Դժգոհեցին, որ Իսպանիայի կառավարությունը ոչ մի կարծիք չի հայտնում ընդդեմ Թուրքիայի, որը, որպես երրորդ երկիր, ուղղակի մասնակցություն ունի այս ամենում: Նրանց խոսքով, իսպանական լրատվամիջոցները անաչառ չեն լուսաբանում իրադարձությունները եւ պաշտպանում են Ալիեւի կլանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ